Աննա Նամուրազյան-Չիլինգարյան
Ծնվել է Թիֆլիսում: Բեմական գործունեությունն սկսել է 1879թ.` Թիֆլիսում: Խաղացել է հայկական տարբեր թատերախմբերում, հյուրախաղերով հանդես եկել Անդրկովկասի քաղաքներում: Եղել է Գևորգ Չմշկյանի և Գաբրիել Սունդուկյանի աշակերտը: Հայ բեմում զարգացրել է ռեալիստական սկզբունքները: Մեծապես գնահատվել է հին Թիֆլիսի բարքերի կնիքը կրող թե դրամատիկական, թե կատակերգական դերերում: Ժամանակակիցներին հիացմունք է պատճառել դերասանուհու բացառիկ ստուգապատում խաղը, այն նրբությունը, որով կերտել է հին Թիֆլիսի ծնունդ տված կերպարները` նիստուկացի, բարբառի, տարազի ու շարժուձևի բոլոր մանրամասերով: Խաղացած ներկայացումներից են` Գ.Սունդուկյանի «Պեպո» (Շուշան), «Խաթաբալա» (Խամփերի), «Քանդած օջախ» (Խախո), Ա.Ցագարելիի «Խանում» (Խանում), Ա.Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն» (Կուկուշկինա) և այլն: 1922թ. Երևանի Առաջին պետթատրոնի (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն) բացմանը հանդես է եկել Շուշանի դերում (Գ.Սունդուկյանի «Պեպո»): Նույն թվականին հիվանդության պատճառով թողել է բեմը: Մահացել է Թբիլիսիում: