Ծնվել է Իրանի Թավրիզ քաղաքում։ Մանկությունն անցկացրել է Ուրմիայում։ 1914թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Թիֆլիս, ապա Բաքու։ 1916թ. կրկին վերադարձել է Իրան։ Հայրը եղել է Ռուսաստանի քաղաքացի, բանկային պաշտոնյա, իսկ 1918թ-ից խորհրդային ծառայող Իրանում։ 1926թ. Վարսենիկն ավարտել է Ատրպատկանի հայոց թեմական կենտրոնական դպրոցը (Թավրիզ), որից հետո եկել է Երևան ուսանելու։ 1930թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի մանկավարժական ֆակուլտետի պատմագրական բաժինը։ Ուսանելուն զուգընթաց մանկավարժությամբ է զբաղվել Երևանի տարբեր դպրոցներում։ 1931-37թթ աշխատել է «Ավանգարդ» և «Խորհրդային Հայաստան» թերթերում։ 1941-77թթ հայոց լեզու և գրականություն է դասավանդել Երևանի Մ.Գորկու անվան թիվ 4 միջնակարգ դպրոցում։ Թ.Ջուհարյանի հեղինակակցությամբ հայկական միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի համար կազմել է «Հայրենի գրականություն», Ա.Ղազինյանի և Վ.Նորենցի հեղինակակցությամբ՝ 7-րդ դասարանի «Գրականություն» դասագրքերը: 1969թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Դպրոցին և մանկավարժությանը մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով և Խ.Աբովյանի անվան ու Ն.Կրուպսկայայի անվան մեդալներով: 1969թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ուսուցչի կոչման։ Մահացել է Երևանում: