Zark Foundation

Վլադիմիր Բարխուդարյան

Վլադիմիր Բարխուդարյան

Պատմաբան

22 սեպտեմբեր, 1927 - 24 մարտ, 2017

Ծնվել է Մարնեուլի շրջանի Աղքյորփի գյուղում (Վրաստան)։ 1945թ. ավարտել է ծննդավայրի միջնակարգ դպրոցը, 1950թ.՝ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Նույն տարում ընդունվել է ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրա։ Ասպիրանտական ուսումնառության տարիներին ակադեմիկոս Ս.Տ.Երեմյանի ղեկավարությամբ մասնագիտացել է Հայաստանի միջնադարյան պատմության հարցերում։ Թեկնածուական ատենախոսության թեմա է ընտրվել «Հայաստանի 9-11-րդ դարերի ավատատիրական հողատիրությունը», որը հաջողությամբ պաշտպանել է 1954թ.։ 1955թ. աշխատանքի է անցել այն ժամանակ ՀՀ Գիտությունների ակադեմիայի կազմում գործող Հայաստանի պատմության պետական թանգարանում՝ որպես կրտսեր գիտական աշխատող։ 1958-90թթ աշխատել Է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում, որտեղ 1958-59թթ եղել է կրտսեր գիտաշխատող, 1959-63թթ՝ գիտքարտուղար, 1963-67թթ՝ ավագ գիտաշխատող, 1967-90թթ` փոխտնօրենը, 1980-87թթ՝ հայ գաղթավայրերի պատմության բաժնի վարիչը։ 1990-2000թթ եղել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, 2000-06թթ ՝ փոխնախագահը, 2005-06թթ՝ հումանիտար գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, 2006-11թթ՝ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, 2011-17թթ՝ ՀՀ ԳԱԱ նախագահի օգնականը։ Երկար տարիներ եղել է նաև Գերագույն հոգևոր խորհրդի անդամ: Ակտիվ մասնակցություն է ունեցել Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց դպրատան կայացմանը: Աշխատությունները վերաբերում են Հայաստանում ֆեոդալական (ավատատիրական) հողատիրությանը, հայկական գաղթավայրերի պատմությանը, հայ խորհրդային պատմագրությանը, հայ-ռուսական հարաբերություններին, 1905-07թթ հեղափոխական շարժումներին։ «Նոր Նախիջևանի հայկական գաղութի պատմություն» (հ.1-2, 1967-85թթ) մենագրության մեջ աղբյուրագիտական հարուստ հենքով լուսաբանել է հայկական գաղութի տնտեսական, հասարակական-քաղաքական և մշակութային պատմությունը, Նոր Նախիջևանի դերը Հարավային Ռուսաստանի տնտեսական կյանքում և հայ-ռուսական առնչություններում։ Պատմաբանի նախաձեռնությամբ ու խմբագրությամբ ստեղծվել են հայ գաղթավայրերի պատմությանը նվիրված մի շարք հոդվածների ժողովածուներ. «Հայ-հունգարական պատմական և մշակութային կապերի պատմությունից», «Հայ ազատագրական շարժումները և հայկական գաղթավայրերը 16-18-րդ դարերում» (1985թ.), «Էջեր հայ գաղթավայրերի պատմության» (1996թ.)։ Տպագրել է «Խորհրդահայ պատմագրության գնահատության հարցի շուրջը» (1990թ.) հոդվածը, ուր լուսաբանել է խորհրդահայ պատմագիտության թերացումներն ու սխալները։ Նա միաժամանակ անդրադարձել է սկզբնաղբյուրների հրատարակման և պատմագիտական շատ հարցերի գիտական հետազոտման ուղղությամբ կատարված վիթխարի ձեռքբերումներին։ 2003թ. Երևանում անցկացվող Հայագիտական առաջին միջազգային համաժողովում հանդես է եկել «Հայագիտության արդի վիճակը Հայաստանում և զարգացման հեռանկարները» զեկուցումով։ Մասնակցել է հայ ժողովրդի պատմության ակադեմիական բազմահատորյակի ստեղծմանը։ Հեղինակել և խմբագրել է դպրոցական դասագրքեր։ Սփյուռքահայ դպրոցների համար դասական ուղղագրությամբ հրատարակել է «Հայոց պատմություն» դպրոցական դասագրքի առաջին գիրքը (Բեյրութ, 1998թ., Ե.Փամբուկյանի հետ), որն ընդգրկում էր Հին Հայաստանի պատմության ժամանակաշրջանը։ 2005թ. նրա խմբագրությամբ հրատարակվել է «Աստվածաշնչական Հայաստան» գիտաժողովի նյութերի մեծարժեք հատորը։ 1968թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1973թ-ից՝ պրոֆեսոր): 1985թ. ստացել է Հունգարիայի ԳԱ մեդալ։ 1986թ-ից եղել է ՀՀ ԳԱ թղթակից-անդամ, 1994թ-ից՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, 1998թ-ից՝ Բնության և հասարակության մասին գիտնականների միջազգային ակադեմիայի անդամ։ 2003թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: