Zark Foundation

Վրթանես Քերթող

Վրթանես Քերթող

Մատենագիր

6-7-րդ դար

Վրթանես Քչկանորդ
Ըստ 10-րդ դարի պատմիչ Ուխտանեսի, սովորել է Դվինի կաթողիկոսարանի դպրատանը։ Գրիգոր անունով մի վարդապետի հետ մասնակցել է Կ.Պոլսում 589թ. գումարված եկեղեցական ժողովին՝ որպես Մովսես Բ Եղիվարդեցի կաթողիկոսի նվիրակ։ Վերջինիս մահից հետո՝ 604-607թթ եղել է կաթողիկոսական տեղապահ մինչև Աբրահամ Ա Աղբաթանեցու ընտրությունը։ Եղել է ժամանակի ուսյալ և գիտուն աստվածաբաններից, ընտիր ոճով գրելու համար նրան տրվել է Քերթող մակդիրը։ Տիրապետել է հունարեն լեզվին, քաջատեղյակ է եղել աստվածաբանական գրականությանը (Հովհան Ոսկեբերան, Սևերիանոս, Եվսեբիոս Կեսարացի)։ Նրա տեղապահության օրոք սկիզբ են առել հայ-վրացական եկեղեցական վեճերը՝ կապված քաղկեդոնականություն ընդունելու Վրաց եկեղեցու դիրքորոշման հետ։ Մեծ է եղել նրա դերը «Գիրք թղթոց»-ի կազմման գործում, որտեղ, ինչպես նաև Ուխտանեսի «Հայոց պատմության» մեջ, պահպանվել են նրա անվամբ մեզ հասած բազմաթիվ թղթեր, շրջաբերականներ, դավանաբանական գրություններ, նամակներ՝ ուղղված հայ և վրացի հոգևորականներին։ Դրանց զգալի մասը նրա և Գուգարքի Ցուրտավ քաղաքի եպիսկոպոս Մովսեսի թղթակցություններն են՝ Քաղկեդոնի ժողովի, նեստորականության դեմ և երկաբնակության խնդիրների շուրջ։ Որպես Հռիփսիմեի տաճարի կառուցման ժամանակակից և ականատես՝ գրել է այդ շինության համառոտ պատմությունը։ Գլխավոր գործը՝ «Յաղագս պատկերամարտից» գրվածքը, ուղղված է Հայաստանում տարածված պատկերամարտության դեմ։ Այստեղ արժեքավոր տեղեկություններ է հայտնում հայ արվեստի պատմության վերաբերյալ, հիշատակում Գրիգոր Լուսավորչին, Հռիփսիմեին, Գայանեին և այլ նահատակների պատկերող որմնանկարների գոյության փաստը Հայաստանում՝ սկսած քրիստոնեության տարածման առաջին դարերից։