Հանրագիտարան

ՏՐԴԱՏ

Ճարտարապետ, քանդակագործ

Եղել է Բագրատունիների թագավորական տան գլխավոր ճարտարապետը։ Շինարարական գործունեությունը կենտրոնացած է եղել գլխավորապես Շիրակում (Անի, Արգինա)։ Կառուցել է Արգինայի կաթողիկե եկեղեցին (973-977թթ), Կոստանդնուպոլսի Սբ. Սոֆիայի տաճարի գմբեթը (989-992թթ), Անիի Մայր տաճարը (989-1001թթ), Գրիգոր Լուսավորչի տաճարը (Գագկաշեն, 1001-10թթ) և այլն։ Մասնագիտական գրականության մեջ ենթադրաբար նրան են վերագրվում նաև Արգինայի կաթողիկոսարանը, Հաղպատի Սբ. Նշան, Սանահինի Ամենափրկիչ եկեղեցիները, Անիի Սմբատաշեն պարիսպը, Փրկչի եկեղեցին, միջնաբերդի պալատի հյուսիսային դահլիճները, Մարմաշենի գլխավոր եկեղեցին և այլն։ Նրա մասին համառոտ տեղեկություններ հաղորդում է ժամանակակից Ստեփանոս Տարոնեցին։ Շինարարական գործունեության 1-ին շրջանին է վերաբերում Խաչիկ Ա Արշարունեցի կաթողիկոսի պատվերով Արգինայում կառուցած եկեղեցին։ Նրանում ակնհայտ է ճարտարապետի նորարարական մոտեցումը և վաղ միջնադարյան ավանդույթների ստեղծագործական կիրառումը, որոնք հետագա զարգացում և տրամաբանական ավարտ ստացան նրա հաջորդ գործերում։ Հավանական է, որ այդ ժամանակ նա արդեն համբավավոր, նաև Հայաստանի սահմաններից դուրս ճանաչում գտած ճարտարապետ էր, որի մասին է վկայում նրա կողմից Կոստանդնուպոլսի Սբ. Սոֆիայի տաճարի՝ երկրաշարժից ավերված գմբեթի վերականգնման փաստը։ Ստեղծագործությունների գլուխգործոցը Անիի Մայր տաճարն է, որտեղ վաղ միջնադարյանդ գմբեթավոր բազիլիկների (Օձուն, Գայանե, Մրեն, Բագավան) հորինվածքը ձեռք է բերել նոր հնչողություն՝ պայմանավորելով դարաշրջանի ճարտարապետական ըմբռնումները։ Մայր տաճարի ավարտից հետո Գագիկ Ա Բագրատունի թագավորի պատվերով ձեռնամուխ է եղել Գրիգոր Լուսավորչի տաճարի շինարարությանը՝ նախօրինակ ունենալով Զվարթնոց տաճարի հորինվածքը։ Հետագա գործունեության վերաբերյալ տեղեկություններ չեն պահպանվել։ Մեծ կարևորություն է տվել Անիի համայնապատկերում կառույցների ունենալիք դերին, դիտողական ընկալման, համալիրային ներդաշնակման և այլ խնդիրների։ Խոր հետք է թողել միջնադարյան հայ ճարտարապետության զարգացման, ոճական ուղղության և հորինվածքային սկզբունքների ձևավորման գործում։ Ունեցել է իր ճարտարապետական դպրոցը, որի շրջանակներում են ստեղծվել Բագրատունիների դարաշրջանի և զարգացած միջնադարի առաջնակարգ շատ հուշարձաններ (Անիի Առաքելոց, Փրկչի եկեղեցիներ, Մարմաշեն, Կեչառիս, Խծկոնքի Սբ. Սարգիս և այլն)։