Zark Foundation

Օվի Սևումյան

Օվի Սևումյան

Բեմադրիչ, դերասան

21 հունիս, 1878 - 2 մայիս, 1920

Հովհաննես Սևումյան
Ծնվել է Ագուլիսում: Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: Բեմական գործունեության առաջին իսկ տարիներից ձգտել է բարեփոխումներ մտցնել ազգային թատրոնում: Այդ առթիվ մամուլում հրապարակել է բազմաթիվ հոդվածներ: Եղել է Կ.Ստանիսլավսկու համակարգի հետևորդներից մեկը: 1906թ. Լևոն Մանվելյանի ու Միքայել Մանվելյանի հետ Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի) ստեղծել է հայկական թատերախումբ, սակայն ֆինանսական միջոցների բացակայության պայմաններում ստիպված է եղել այն փակել: 1917թ. Թիֆլիսում բացել է ստուդիա, որը գործել է միայն մեկ տարի: Եղել է Պյատիգորսկի հայկական պետական թատրոնի ղեկավար-ռեժիսորը: Առաջին ներկայացումը եղել է Ա.Շիրվանզադեի «Պատվի համար»-ը, որը բեմադրվել է 1918թ. հուլիսի 30-ին: Թատրոնը դադարեցրել է իր գործունեությունը, երբ 1919թ. սպիտակ գվարդիականները ներխուժել են քաղաք: Թատրոնի փակվելուց հետո, մեկնել է Թիֆլիս, որտեղ փորձել է այլ թատրոն հիմնել: Բեմադրել է Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (1918թ.), «Չար ոգի», Դ.Դեմիրճյանի «Դատաստան», Ս.Յուշկևիչի «Թագավորը», Լ.Շանթի «Հին աստվածներ», Գ.Սունդուկյանի «Պեպո» և այլ ներկայացումներ: Խաղացել է Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Էլիզբարով), Լ.Տոլստոյի «Ֆեոդոր Իոհանովիչ արքան» (Բորիս Գոդունով) և այլ պիեսներում: Մահացել է Կոստանդնուպոլսում: