Zark Foundation

Ֆլորա Մարտիրոսյան

Ֆլորա Մարտիրոսյան

Երգչուհի

5 փետրվար, 1957 - 20 նոյեմբեր, 2012

Ծնվել Լենինականում (այժմ՝ Գյումրի): Սովորել է տեղի Ա.Պուշկինի անվան միջնակարգ և Ա.Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցներում, ապա` Ք.Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժնում: 1973թ. մասնակցել է «Գարուն 73» երգի մրցույթին, արժանացել առաջին մրցանակին և սկսել հանդես գալ Հայաստանի ազգային ռադիոյով և հեռուստատեսությամբ: 1976թ., ՀԽՍՀ առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի հրավերով, տեղափոխվել է Երևան և սկսել մեներգչուհու գործունեությունը Հայաստանի ժողովրդական գործիքների պետական նվագախմբում: 1978թ. դարձել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում կայացած միջազգային փառատոնի մրցանակակիր, որը եղել է երգչուհու առաջին միջազգային հաջողությունը: 1985թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-խմբավարական բաժինը: Գուսան Աշոտի «Ծովաստղիկ» երգը նրա կատարմամբ 15 տարի շարունակ ճանաչվել է տարվա լավագույն երգ: Համերգներով եղել է ավելի քան 80 երկրներում: 1991-97թթ բնակվել է ԱՄՆ-ում: 1997-2001թթ ղեկավարել է Երևանի Ա.Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը: Թողարկել է «Ունի վերադարձ» (1998թ.), «Կանգնիր քարավան» (2002թ.), «Քելե լաո» (2002թ.), «Երազ տեսա» (2003թ.), «Մենք» (2007թ.) և այլ ձայնասկավառակներ: 2001թ. կրկին տեղափոխվել է ԱՄՆ: 2002թ. Հոլիվուդ և Բրբանկ քաղաքներում հիմնել է Կոմիտասիանվան 2 միջազգային երաժշտական դպրոց: Նրա նախաձեռնությամբ, 2006թ. Երևանում կայացել է Կոմիտասի անվան համահայկական երգի փառատոն: 2007թ. Լոս Անջելեսում, ստեղծագործական գործունեության 30-ամյակի առիթով, հանդես է եկել մենահամերգով: Նաև ստեղծել է «Արտիստներ խաղաղության համար» (Artists for Peace) միջազգային բարեգործական հիմնադրամը, որը ներկայացրել է «Այլևս երբեք» (Never Again) նախագիծը` նվիրված Հայոց Ցեղասպանության (1915թ.) 100-ամյակին: 2011թ. Լոս Անջելեսում, նույն այդ ծրագրի շրջանակներում, համերգով է հանդես եկել հանրահայտ երգիչներ, արվեստագետներ Սթիվի Ուոնդերի, Մայքլ Սթոունի, Ալեքսիա Վասիլիուի, Չակա-Կանի, Էրիկ Բենեթի հետ: 2011թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Լոս Անջելեսում, թաղված է Երևանում: