Ծնվել է Ախալցխայում: 1982թ ավարտել է տեղի Հ.Թումանյանի անվան թիվ 3 հայկական միջնակարգ դպրոցը: 1982թ. աշխատանքի է անցել Ախալցխայի թիվ 3 Շարժական մեխանիզացված շարասյունում` որպես բանվոր: 1983թ. ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետի ավտոմատիկա և հեռուստամեխանիկա բաժին: Ուսումը շարունակել է Խորհրդային բանակից զորացրվելուց հետո և ավարտել 1990թ.: Ուսումն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Երևանի Ֆիզիկայի ինստիտուտում` որպես ինժեներ: 1987թ-ից սկսել է պարել Հայրիկ Մուրադյանի ստեղծած «Վան» ազգագրական խմբում: 1992-94թթ «Ազատագրական Բանակ» ջոկատի «Իքս» դասակի կազմում մասնակցել է ԼՂ ազատագրական պայքարին: Զինադադարից հետո, շարունակել է ծառայությունը ՀՀ բանակում` որպես սպա: 1995-96թթ ավարտել է մարշալ Շապոշնիկովի անվան «Վիստրել» բարձրագույն սպայական դասընթացը և ստացել գնդի և բրիգադի հրամանատարի որակավորում: 1996թ. սեփական դիմումի համաձայն զորացրվել է ՀՀ զինված ուժերից և ընդգրկվել «Ակունք» ազգագրական երգի-պարի խմբում: 1987-2001թթ «Վան», «Անդովկ», «Ակունք» խմբերի համերգային ծրագրերի շրջանակներում մասնակցել է արտերկրյա մի քանի շրջագայությունների և դարձել 4 տարբեր միջազգային փառատոների դափնեկիր` Իտալիայում (1996թ., երկու փառատոն), Ռումինիայում, Խորվաթիայում (երկուսն էլ` 1999թ.): Ուսումնասիրելով Կոմիտասի, ազգագրագետ Սրբուհի Լիսիցյանի, պարագետ Վահրամ Արիստակեսյանի ժառանգությունները` սկսել է բանահավաքչական աշխատանքները: Շրջել է գյուղից գյուղ, հավաքել, վերականգնել և գրառել բազում պարեր, կորստյան վտանգից փրկել Կարինի և Ջավախքի բազում պարեր: Այդ ժամանակ ստեղծել է «Ծովակ» մանկապատանեկան, ապա և «Կարին» ավանդական երգի-պարի խմբերը: 1997-99թթ աշխատել է «Շանթ» հեռուստառադիոընկերությունում` որպես երևանյան մասնաճյուղի տնօրեն: 2001-08թթ աշխատել է Պ.Յավորովի անվան թիվ 31 միջնակարգ դպրոցում որպես զինղեկ, 2008թ-ից՝ «Մխիթարյան Միաբանության» կրթահամալիրում որպես զինղեկ և պարուսույց: 2007թ. «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հետ հիմնել է Ազգագրության թատրոն և բեմադրել երեք ներկայացում` «Հայոց երգի հայրիկը»` նվիրված Հայրիկ Մուրադյանին, «Խնկահոտ Էրգիր» և «Վարք Հայոց»: 2011թ. նրա ղեկավարած «Կարինը» մասնակցել է Իսպանիայի միջազգային մրցույթ-փառատոնին և պարերի անվանակարգում զբաղեցրել է 1-ին տեղը, իսկ երաժշտական անվանակարգում նվաճել 3-րդ մրցանակը: Հեղինակել է նաև արձակ բանաստեղծություններ, աֆորիզմներ, հրապարակախոսական հոդվածներ, նոթերը: 2000թ. արժանացել է Ա.Իսահակյանի անվան երիտասարդ ստեղծագործողների հանրապետական գրական մրցույթի 1-ին մրցանակին: 2006թ. լույս է տեսել նրա անդրանիկ «Ողջո՜յն, տղե՛րք» գիրքը: 1997թ. պարգևատրվել է «Արծիվ Մահապարտներ» հուշամեդալով, 1998թ.` «Արիություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալով, Արծիվ Մահապարտների միության «Վազգեն Սարգսյան» շքանշանով, ԱՊՀ ՄՏՊԿՄ-ի «За заслуги» շքանշանով և այլ մեդալներով: 2011թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման, 2013թ․՝ «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» մեդալի, 2015թ․՝ ՀՀ «Երախտագիտություն» մեդալի: Մահացել է Երևանում։