Zark Foundation

Աննա Բարսամյան

Աննա Բարսամյան

Երաժշտագետ

28 հունիս, 1915 - 11 օգոստոս, 2016

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): 1932-36թթ ուսանել է տեղի երաժշտական տեխնիկումի, 1936-41թթ` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում, 1938թ.` նորաստեղծ երաժշտական պատմատեսական բաժնում: 1945-49թթ ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում` Ռ.Գրուբերի դասարանում, որի ղեկավարությամբ պաշտպանել է «Ա.Սպենդիարյանը և նրա ստեղծագործությունը» թեկնածուական թեզը: 1938-42թթ դասավանդել է երաժշտական ուսումնարանում և Պ.Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցում, 1942-45թթ` Լենինականի երաժշտական ուսումնարանում, 1950թ-ից` Երևանի կոնսերվատորիայում (2003թ-ից՝ պրոֆեսոր): Նույն բուհում ղեկավարել է երաժշտագետ ուսանողների մասնագիտական անհատական պարապմունքները: Նրա ղեկավարությամբ ավարտել է 51 երաժշտագետ: 1956թ-ից եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ: 1974-77թթ զինվորական բարձրագույն կուսակցական դպրոցում դասավանդել է երաժշտության պատմություն: 1977-92թթ ԵՊԿ-ում բարձրագույն երաժշտական հաստատությունների դասատուների որակավորման բարձրացման ֆակուլտետում հանդես է եկել որպես դասախոս և երաժշտագետ ունկնդիրների գիտամեթոդական աշխատանքների ղեկավար: Հեղինակել է գիտական աշխատություններ, բազմաթիվ հոդվածներ, որոնք տպագրվել են պարբերական մամուլում, ամսագրերում, հայկական հանրագիտարանում (12 հատոր), ռուսական «Հիշարժան տարեթվերի և իրադարձությունների տարեգրքերում» նաև` 30-ից ավելի ռադիոհաղորդումներ: Հեղինակել է «Հայ երաժշտության պատմություն» (1996թ., համահեղինակ), «Մեդեա Աբրահամյան» (2000թ.), «Հայ երաժշտության դասականները», «Հայ երաժշտությունը 19-րդ դարում և 20-րդ դարասկզբում» աշխատությունները: 1960թ-ից ՀԿՄ և հատկապես «Գիտելիք» ընկերության շրջանակներում կարդացել է շուրջ 600 դասախոսություն, ինչպես Հայաստանում, այնպես էլ` նրա սահմաններից դուրս (Կիև, Լվով, Դոնի Ռոստով, Մոսկվա, Լենինգրադ): Մասնակցել է մասնագիտական մի շարք գիտաժողովների: Արժանացել է մի շարք շքանշանների և պատվոգրերի: 1955թ. ստացել է արվեստագիտության թեկնածուի կոչում: 1968թ. պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով, 1973թ.` Հայաստանի Գերագույն խորհրդի պատվոգրով: 1983թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: