Zark Foundation

Կոմիտաս

Կոմիտաս

Կոմպոզիտոր, երաժշտագետ, երգիչ, բանահավաք, վարդապետ

26 սեպտեմբեր, 1869 - 22 հոկտեմբեր, 1935

Սողոմոն Սողոմոնյան
Ծնվել է Թուրքիայի Քյոթահիա քաղաքում: Եղել է հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրը: Մեկ տարեկան հասակում զրկվել է մորից, իսկ տասը տարեկանում` հորից: Մինչև 1881թ. ապրել է տատիկի հետ: Երբ հայկական թեմի առաջնորդը գնացել է Էջմիածին` եպիսկոպոս օծվելու համար, Գևորգ Դ կաթողիկոսն առաջնորդին պատվիրել է, որ նա իր հետ որբ երեխա բերի` Էջմիածնի վանքում կրթություն ստանալու համար: Սողոմոնը մեկնել է Էջմիածին, որտեղ իր զարմանահրաշ երգով մեծ տպավորություն է թողել: Սահակ Ամատունու ղեկավարությամբ հիմնովին ուսումնասիրել է եկեղեցական երաժշտության տեսականն ու գործնականը, հայկական նոտաներով հեղինակավոր աղբյուրներից գրի առել հնագույն հոգևոր եղանակներ: Ստեղծագործական փորձերը սկսել է 1890-ական թվականների սկզբից՝ Խ.Աբովյանի, Հ.Հովհաննիսյանի, իր կրտսեր դասընկեր Ա.Իսահակյանի և այլոց բանաստեղծություններով երգեր և խմբերգեր, ինչպես նաև գյուղական ու քաղաքային ժողովրդական երգերի դաշնակումներ հորինելով: 1891թ. «Արարատ» ամսագիրը տպագրել է նրա «Ազգային օրհներգ»-ը (խոսք՝ ճեմարանի ուսանող Ա.Թաշճյանի)՝ երկձայն, միաժամանակ նաև եռաձայն ու քառաձայն խմբի համար: 1890թ. դարձել է սարկավագ: 1893թ. ավարտել է տեղի Գևորգյան հոգևոր ճեմարանը և ստացել աբեղայի աստիճան: Այդ ժամանակ նրան տրվել է 7-րդ դարի բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը: Ճեմարանում դասավանդել է երաժշտություն: 1895թ. նրան տրվել է վարդապետի աստիճան: Նույն թվականի աշնանը մեկնել է Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում սովորելու, սակայն, հանդիպելով Պետերբուրգի կոնսերվատորիայում կրթություն ստացած կոմպոզիտոր Մակար Եկմալյանին, փոխել է մտադրությունը և վերջինիս մոտ ուսումնասիրել հարմոնիայի դասընթացը: Կաթողիկոսի բարեխոսությամբ, թոշակ ստանալով հայ խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից, մեկնել է Բեռլին, ուր 1896-99թթ սովորել է Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում և Արքունական համալսարանում (ուսուցիչների թվում, բացի Ռ.Շմիդտից, եղել են Օ.Ֆլայշերը, Հ.Բելլերմանը, Մ.Ֆրիդլենդերը), ուսումնասիրել է կոմպոզիցիայի տեսություն, երաժշտության պատմություն, նաև հոգեբանություն ու փիլիսոփայություն, մշակել է ձայնը, սովորել դաշնամուր, երգեհոն, խմբավարություն: Դարձել է Միջազգային երաժշտական ընկերության առաջին անդամներից, Բեռլինի բաժանմունքի ժողովներին հանդես եկել հայ երաժշտության ուսումնասիրություններով, գերմանացի երգիչներից կազմած քառյակով ցուցադրել ժողովրդական երգերի իր դաշնակումները, աշխատակցել ընկերության հանդեսին: Այդ տարիներին գրել է երգեր, ռոմանսներ և խմբերգեր գերմանացի բանաստեղծների խոսքերով, մշակել ժողովրդական երգեր: 1899թ. վերադարձել է Էջմիածին և սկսել ղեկավարել տղամարդկանց բազմաձայն երգչախումբը: Եռանդուն շարունակել է գիտական և մանկավարժական աշխատանքը, խորացել կոմպոզիցիայում, այլ գործերի հետ (գեղջուկ երգերի մշակում ձայնի, երգչախմբի համար, Հ.Թումանյանի, Հ.Հովհաննիսյանի խոսքերով ստեղծագործություններ) ձեռնարկել է «Անուշ» օպերայի ստեղծմանը, ճեմարանի խմբով համերգներ տվել Էջմիածնում, Երևանում, Թիֆլիսում ու Բաքվում: Ճամփորդել է երկրի բոլոր շրջաններով, գյուղերով` փնտրելու զանազան ժողովրդական երգեր և պարեր: Հավաքել է մոտ 3000 երգ, որոնցից մեծ մասը հարմարեցրել է երգչախմբով երգելու համար: Գլխավոր աշխատանքը եղել է «Պատարագ»-ը, որը մինչ այսօր ներկա է եկեղեցու ծիսակատարության մեջ: 1906թ. ֆրանսիական «Լամուրյո» համերգային ընկերության երգչախմբով հայ ժողովրդական ու հոգևոր երգերն իր մշակումներով, հայոց լեզվով, ցուցադրել է Փարիզում, նույն երգերի մասին Ռոմեն Ռոլանի «Սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցում» կարդացել դասախոսություն (1907թ.): Համերգներ է տվել և դասախոսել նաև Շվեյցարիայի քաղաքներում և Վենետիկի Մխիթարյան միաբանությունում: 1910թ-ից ապրել և աշխատել է Կոստանդնուպոլսում, որտեղ հիմնել է «Գուսան» (1912թ-ից՝ «Հայ գուսան») երգչախումբը` 300 անդամով: Մասնագետ երաժիշտներ պատրաստելու նպատակով երաժշտության տեսության առանձին դասեր է տվել երգչախմբի մի շարք մասնակիցների (Բ.Կանաչյան, Մ.Թումաճան, Վ.Սարգսյան, Վ.Սրվանձտյան, Հ.Սեմերճյան, որոնք հայտնի են «Կոմիտասյան հինգ սաներ» անունով): Խմբեր է կազմակերպել և համերգներով ու դասախոսություններով, Կ.Պոլսից բացի, հանդես եկել նաև Քյոթահիայում, Բրուսայում, Ադաբազարում, Իզմիրում, Արմաշում, Պարտիզակում, Ալեքսանդրիայում ու Կահիրեում: Մամուլում նշվել է նրա արվեստի նշանակությունը ոչ միայն հայերի, այլև Արևելքի այլ ժողովուրդների երաժշտության զարգացման համար: 1913թ. Կ.Պոլսի «Ազատամարտ»-ում տպագրել է «Հայն ունի ինքնուրույն երաժշտություն» հրապարակախոսական բնույթի փայլուն հոդվածը: 1914թ. Փարիզում հայկական ժողովրդական և հոգևոր երաժշտության վերաբերյալ մի քանի զեկուցումներով հանդես է եկել Միջազգային երաժշտական ընկերության հերթական կոնգրեսում: Ավստրիական նշանավոր երաժշտագետ Է.Վելլեշը կոմպոզիտորի երգերին այստեղ ծանոթանալով՝ հետագայում նրան բնութագրել է որպես ներդաշնակության և պոլիֆոնիայի հազվագյուտ վարպետի: Բնակվելով Կ.Պոլսում՝ մասնակցել է նաև թուրքական մշակութային կյանքին, թուրք բանաստեղծների հետ բարեկամական կապեր է պահպանել, երգեր հորինել Մեհմեա Էմինի խոսքերով, զանազան երաժշտական հանձնաժողովներում բերել իր հեղինակավոր մասնակցությունը, Ստամբուլի Բայազետ թաղի «Թուրք օջախ» մշակութային կենտրոնի հատուկ հրավերով դասախոսել նրա 1915թ, ապրիլի 2-ի և 3-ի բացառիկ երեկույթներին, մեներգել և իր երգչախմբով կատարել է իր ստեղծագործությունները, որոնք մեծ ընդունելություն են գտել: 1915թ. ապրիլի 24-ին, շատ ուրիշ հայ մտավորականների պես, ձերբակալվել է և հարկադրվել քայլել աքսորի ճամփան` դեպի Արաբիայի անապատները: Նրա լավ ընկեր թուրք բանաստեղծ Էմին Յարդաքուլը և ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուն միջամտել են կառավարությանը և Կոմիտասը ազատվել է: Նրա հավաքած աշխատանքի մի մասը ոչնչացվել է հայկական ջարդերի ժամանակ, որից հետո նա տեղափոխվել է Փարիզ: Հայոց Մեծ եղեռնի տպավորության տակ կորցրել է մտավոր հավասարակշռությունը և մինչև կյանքի վերջը (1919թ-ից՝ Փարիզի հոգեբուժական հիվանդանոցներում) չի ապաքինվել: Հիվանդության առաջին տարիներին զգալի տուժել են նաև նրա ձեռագրային ժառանգությունը, հատկապես ցրիվ է եկել դրա երաժշտագիտական բաժինը, որը բացի ժողովրդական արվեստի ուսումնասիրություններից պարունակել է նաև հայ միջնադարյան խազային նոտագրության վերծանությունը: Կոմպոզիտորի բազմակողմանի գործունեության մեջ սկզբունքորեն առավել կարևորը ստեղծագործությունն է և հավաքչական ու գիտական աշխատանքը: Իր հավաքած ժողովրդական երգերը հայտնաբերել է գեղջկական կենցաղի ընդերքում, ուստի դրանք խորապես ավանդական են և ճշմարտացի: Դրանք հավաքված և գրանցված են ժողովրդի պատմության ու հոգեբանության խոր իմացությամբ, ազգագրագետի վարպետությամբ, գեղագետի պահանջկոտությամբ և գիտնականի վերլուծական մոտեցումով: Դրանցում հիանալի պահպանված են նրանց վաղնջական երաժշտական բարեմասնություններն ու ազգային երանգը: Այդ ձայնագրությունները հաստատում են հայ գյուղական երգարվեստի բազմաժանրությունը և առանձին ժանրերի հարստությունը, հիմնովին երևան բերում նրա ազգային ոճն ու լեզուն, նրա արտահայտչամիջոցների՝ ձևերի ու կառուցվածքի, լադային հիմքի և ելևէջային համակարգի, մետրի և ռիթմի, խոսքային և երաժշտական «բարբառների» ողջ բազմազանությունն ու ինքնատիպությունը: Շատ հոգևոր մեղեդիներ, որոնք պահպանվել էին բանավոր, վերաձայնագրվել են հենց իր կողմից՝ զգալի հարստացնելով հայ ազգային մելոսը նրա նաև այդ՝ պատմական խոր ավանդույթներ կրող ճյուղում: Նրա կողմից երաժշտական ֆոլկլորի մի շարք հնագույն ու բարձրարվեստ նմուշների հայտնաբերման փաստը (հեթանոսական հավատալիքներին առնչվող հորովելների իմպրովիզացիոն եղանակները, «Սասունցի Դավիթ» և «Մոկաց Միրզա» հնագույն վիպական ասերգերը, միջնադարյան անտունիները և հոգևոր տաղերի ժողովրդական տարբերակները) իրավացիորեն հավասարեցվում են պատմամշակութային խոշոր հայտնագործությունների: Նրա հավաքած հայ գեղջկական երգերը (եղել են չորս հազարից շատ ավելի, առայժմ վերագտնված է շուրջ հազար երկուհարյուր նմուշ) ամբողջությամբ վերցրած ներկայանում են որպես հայ ժողովրդական երգարվեստի անթոլոգիա: Դրանք ծանրակշիռ ներդրում են հայագիտության բնագավառում և, դրա հետ միասին, աշխարհի ժողովուրդների մինչ այդ հավաքված ֆոլկլորը հարստացրել են մի ինքնատիպ, ազգային ցայտուն դեմք կրող և դրանով իսկ խիստ արժեքավոր հատվածով: Կոմիտասին են պատկանում նաև քրդական ժողովրդական երգերի առաջին ձայնագրությունները. Քյոթահիայում նա գրի է առել նաև հայերի կատարած թուրքական երգեր: Իր տեսական աշխաաություններում բացահայտել է ժողովրդական երաժշտության կենսական հիմքերը: Ըստ կոմպոզիտոր՝ յուրաքանչյուր երգ շինական սրտի հարազատ արձագանքն է և հոգու վճիտ հայելին: Յուրաքանչյուր երգ պատկերացնում է կյանքի տեսարանի մի լայն նկար՝ փոքրիկ շրջանակի մեջ առած: Նկարագրել է ժողովրդի երգաստեղծության բուն պրոցեսը, վերլուծել հայ ժողովրդական երգի տեսակներն ու կոմպոզիցիոն արժանիքները, բնութագրել նրա գեղագիտական նշանակալիությունը, հարստացրել ժողովրդական երգի վերլուծության մեթոդիկան: Սկզբունքորեն կարևոր էր նաև հայ ժողովրդական և հոգևոր երաժշտության հիմքերի միասնականության և հոգևոր երգի ոճական հատկանիշների բացահայտումը: Դա Էականորեն օգնեց հոգևոր երաժշտության ուսումնասիրման, խազերի, մասնավորապես առոգանության նշանների վերծանության գործին: Նրա խազաբանական աշխատանքներից տպագրված երկու փոքրածավալ հոդվածներն իսկ էական ներդրում են ընդհանուր երաժշտական միջնադարագիտության մեջ: Կոմպոզիտորի ստեղծագործությունը, որ գլխավորապես վոկալ՝ մեներգային և խմբերգային է, բաժանվում է երկու մասի՝ ստեղծագործություններ, որոնց հիմքում ընկած են ժողովրդական կամ հին հոգևոր մեղեդիներ, և գործեր, որոնք այդպիսի սկզբնաղբյուրներից անկախ են: Վերջինների թվում են՝ «Առ գետս Բաբելացւոց» սաղմոսը ա կապելլա խմբի և մեներգիչների համար, Հ.Պարոնյանի խոսքերով «Քաղաքավարության վնասներ» երաժշտական պատկերները, Հ.Հովհաննիսյանի խոսքերով «Ու՝ր ես գալիս, ա՝յ գարուն» կանտատը, Հ.Թումանյանի խոսքերով քնարական-փիլիսոփայական «Մութն էր երկինքը» ռոմանս-մանրապատումը, հայ երգային քնարականության ամենատարածված նմուշներից՝ «Կաքավի երգը» և այլն: Սրանցից վաղագույններում կոմպոզիտորի անհատական ոճը դեռևս այնքան ցայտուն չէ, բայց դրանք բոլորն էլ առանձնանում են բովանդակալիությամբ և կոմպոզիցիայի վարպետությամբ: Նրա ստեղծագործության մեծագույն մասը ժողովրդական սկզբնաղբյուրից սերված գործերն են (ավելի քան 150 անուն վոկալ և 8 դաշնամուրային՝ բազմաթիվ տարբերակներով), որոնց նա առավել նշանակություն էր տալիս ելնելով այն կարևոր դերից, որ դրանք ավելի լավ կարող էին կատարել (և իրոք կատարեցին) ժողովրդի գեղագիտական դաստիարակության, ինչպես և նրա պրոֆեսիոնալ երաժշտական արվեստի զարգացման, դրա ազգային ոճի և ինքնատիպ լեզվի ձևավորման գործում: Այս երկերն ընդհանուր առմամբ աչքի են ընկնում թեմաների և երաժշտական կերպարների բազմազանությամբ. սրանցում առկա է ժողովրդական երաժշտության կենսական ուժի և բնորոշ առանձնահատկությունների նուրբ զգացողություն, պարզ զգացվում է ժողովրդական նյութի նկատմամբ կոմպոզիտորի անհատականության զորեղ ներգործությունը, լինեն դրանք քնարական սրտառուչ պատումներ («Գարուն ա», «Քելեր, ցոլեր» և այլն), երկրագործական աշխատանքը փառաբանող վեհաշունչ հիմներ («Լոռու գութաներգ», «Կալերգ և սայլերգեր» և այլն), սոցիալական կեցություն արտահայտող երգ-մոնոլոգներ («Ծիրանի ծառ», «Կռունկ», «Անտունի» և այլն), հայրենի բնությունը կամ ավանդական ծեսերը գեղարվեստորեն վերարտադրող ծավալուն տեսարաններ («Լուսնակն անուշ», «Արարատյան գիշեր», հարսանեկան, վիճակի, պարերգային և այլ երգաշարեր): Այս բոլորը միասին խորապես տպավորիչ կերպարներով ներկայացնում են Հայաստանի ժողովրդի կյանքը: Բացառիկ հետաքրքրականություն ունեն նաև նրա հոգևոր գործերը (դրանց թվում՝ արական ա կապելլա խմբի համար գրված վիպական լայնաշունչ «Պատարագը»): Կոմիտասը 20-րդ դարասկզբի համաշխարհային երաժշտության դասական դարձավ երաժշտական նյութի կազմավորման իր նորարարական մեթոդներով, ժողովրդական երաժշտության օգտագործման իր բացած նոր ուղիներով: Նրա պոլիֆոնիան ժողովրդական լադերում ընթացող ինքնուրույն մեղեդիների՝ հաճախ բազմատոնալ կամ բազմալադային զուգորդում է, իսկ հարմոնիան՝ յուրատեսակ կվարտակվինտային կամ ժողովրդալադային բնույթի այլ համահնչյուններով ժողովրդական լադերի ինքնատիպ մեկնաբանում: Նրա ստեղծագործական մեթոդը լայն հեռանկարներ բացեց հայ ազգային կոմպոզիտորական արվեստի զարգացման համար՝ դնելով այն համաշխարհային երաժշտության զարգացման հունի մեջ, նաև նկատելի ազդեցություն ունեցավ արևելյան այլ ժողովուրդների երաժշտության զարգացման վրա: Կոմպոզիտորը գրել է նաև բանաստեղծություններ: Իր կյանքի ընթացքում հնարավորություն չունենալով՝ քիչ բան է հրատարակել իր գործերից: Կոմպոզիտորի հիվանդության տարիներին և մահից հետո նրա գործերի մի մասը հրատարակել է Փարիզում գործած «Կոմիտաս վարդապետի բարեկամներու հանձնախումբը», հետագայում՝ «Կոմիտասյան խնամատար հանձնաժողովը» (Արշակ Չոպանյան, Մարգարիտ Բաբայան և ուրիշներ, խմբագրությունը մեծ մասամբ՝ Վարդան Սարգսյանի): Մահացել է Փարիզի հոգեբուժական կլինիկայում: Հաջորդ տարի նրա աճյունը փոխադրվել է Երևան և ամփոփվել հայ մշակույթի գործիչների պանթեոնում, որը կոչվել է Կոմիտասի անունով (2015թ. հունվարի 29-ին զբոսայգում բացվել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտը): 1950-ականներին Կոմիտասի ձեռագրերը նույնպես փոխադրվել են Երևան: Կոմիտասի մասին նկարահանվել են մի շարք ֆիլմեր, հաղորդաշարեր, տպագրվել են գրքեր, ուսումնասիրություններ, ակադեմիական հոդվածներ, թողարկվել ձայնասկավառակներ: Կոմիտասի անունով են կոչվել Հայաստանի պետական լարային քառյակը, Երևանի կոնսերվատորիան (1946թ-ից), Կամերային երաժշտության տունը, պողոտա, զբոսայգի, Ստեփանակերտի երաժշտական դպրոցը, երգչախմբեր արտերկրում, արձաններ են կանգնեցվել Երևանում, Վաղարշապատում, Փարիզում և այլուր: