Zark Foundation

Գեորգի Տուսուզով

Գեորգի Տուսուզով

Դերասան

27 մարտ, 1891 - 2 փետրվար, 1986

Գևորգ Թուսուզյան
Ծնվել է Նոր Նախիջևանում: 1915թ. ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Աշխատել է երդվյալ ատենակալ, ապա` իրավաբան: Ակտիվ պայքարել է թափառաշրջիկության և գողության դեմ: Նրան միշտ գրավել է բեմը, ուսանողական տարիներից մասնակցել է ներկայացումներին: Ռոստովում ընդունվել է «Թատերական արվեստանոցներ» թատերախումբ, ծանոթացել և ընկերացել Եվգենի Շվարցի հետ: Ավելի ուշ մեկնել է Մոսկվա, ուր ելույթ է ունեցել «Нерыдай!» պանդոկի բեմում` որպես կոնֆերանսիե: 1924թ-ից աշխատել է «Синяя блуза» թատրոնում: 1934թ. ընդունվել է «Սատիրայի թատրոն» և դարձել նրա լեգենդար «էպիզոդի արքա»-ի դերասանը: Իր երկարատև կյանքի ընթացքում չի խաղացել ոչ մի գլխավոր դեր, բայց, իր հաշվարկով, խաղացել է 2847 երկրորդական դեր: Շատ է նկարահանվել կինոյում` դարձյալ երկրորդական դերերով: Ֆիլմերից են` «Միայնակ առագաստը» (1937թ.), «Աղջիկն առանց հասցեի» (1957թ.), «Կուսական գարուն» (1960թ.), «Ուրախ պատմություններ» (1962թ.), «Տվեք բողոքի գիրքը» (1964թ.), «Բարև, ես եմ» (1965թ.), «Յոթ ծերուկ և մեկ աղջիկ» (1968թ.), «Ռեզիդենտի ճակատագիրը» (1970թ.), «Ռուսական կայսրության թագը» (1971թ.), «Վերջին զոհը» (1976թ.), «Գիշերային պատահար» (1980թ.), «Ռեզիդենտի վերադարձը» (1982թ.) և այլն: 1956թ. արժանացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Մոսկվայում: