Zark Foundation

Հակոբ Ղազանչյան

Հակոբ Ղազանչյան

Բեմադրիչ

Ծնվել է 1959թ. հուլիսի 3-ին, Երևանում: Բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի և դերասանուհի Գալյա Նովենցի որդին է, դերասանուհի Լարիսա Ղևոնդյանի ամուսինը: 1976թ. ավարտել է Լենինականի (այժմ` Գյումրի) Պուշկինի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցը, 1982թ.` Մոսկվայի Լունաչարսկու անվան թատերարվեստի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը: 1984-89թթ գլխավորել է Կապանի Ա.Շիրվանզադեի անվան, 1989-96թթ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան պետական թատրոնները: 1997թ-ից ղեկավարում է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնը: Ավելի քան 100 ներկայացումների հեղինակ է: Մասնակցել է բազմաթիվ միջազգային թատերական փառատոների և արժանացել գլխավոր մրցանակների: Բեմադրել է Վ.Պետրոսյանի «Նամակներ պատանեկության կայարաններից», Սոֆոկլեսի «Անտիգոնե», Վ.Շեքսպիրի «Համլետ», Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար», Արիստոֆանեսի «Ամպեր», Պ.Զյուսկինդի «Կոնտրաբաս», Կ.Խոդիկյանի «Երկրորդ կտակը», Ա.Վոլոդինի «Օֆելյա», Է.Ռաձինսկու «Ներոն և Սենեկա», Ա.Չեխովի «Ես եմ ճայը» և այլ ներկայացումներ: 1994թ. նկարահանել է «Վերջնագիծ» լիամետրաժ խաղարկային ֆիլմը: 1998թ. Կ.Օստրովսկու անվան թատրոնում բեմադրել է Սոֆոկլեսի «Անտիգոնե» պիեսը: 2003թ. Մակեդոնիայի «Ստոբի» ամֆիթատրոնում բեմադրել է Արիստոֆանեսի «Ամպեր» ներկայացումը: 2004թ. հիմնադրել և գլխավորում է Թատրոնի միջազգային ինստիտուտի ՅՈՒՆԵՍԿՈ-ի հայաստանյան ազգային կենտրոնը: 2005թ. ԱՄՆ պետքարտուղարության «Միջազգային այցելու» ծրագրով այցելել է ԱՄՆ: 2004թ. բեմադրել է Կ.Խոդիկյանի «Երկրորդ կտակը» ներկայացումը` ամերիկացի դերասանուհի Էլիզաբեթ Հեսսի և գերմանացի դերասանուհի Բեատե Էհլերսի մասնակցությամբ, որը խաղացվում էր միաժամանակ անգլերեն և գերմաներեն լեզուներով: 2006թ. բեմադրել է Վ.Շեքսպիրի «...և օրինավոր բանտ:» ներկայացումը, որում ընդգրկված էին դերասաններ 10 երկրներից, և նրանցից յուրաքանչյուրը խաղում էր իր մայրենի լեզվով: 2006թ. Թբիլիսիի Ռուսթավելու անվան ազգային ակադեմիական և Մակեդոնիայի Վելեսի «Յորդան Ձինոտ» թատրոններում բեմադրել է «Տրակտատ թաշկինակի մասին» ներկայացումը: 2007թ. Կիևի Ֆրանկոյի անվան ազգային թատրոնում բեմադրել է «Լինել» ներկայացումը: 2007թ-ից Հայաստանի թատերական գործիչների միության նախագահն է: 2010թ. Մոսկվայի Ա.Չեխովի անվան փառատոնի պատվերով բեմադրել է «Ես եմ ճայը», 2012թ. Ուլյանովսկի Գոնչարովի անվան թատրոնում` Ա.Վամպիլովի «Գավառական անեկդոտները» ներկայացումները: Երևանյան միջազգային թատերական «Արմմոնո» և Շեքսպիրյան փառատոների հիմնադիրն ու տնօրենն է: Արժանացել է մի շարք միջազգային թատերական մրցանակների, պարգևների: 2006թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2012թ. և 2013թ.` ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի: