Zark Foundation

Հովհաննես Այվազովսկի

Հովհաննես Այվազովսկի

Ծովանկարիչ

17 հուլիս, 1817 - 19 ապրիլ, 1900

Ծնվել Է Թեոդոսիայում (այժմ՝ Ղրիմ), Մոլդավիայից գաղթած առևտրական հայի ընտանիքում: Եղել է պատմաբան, եկեղեցական գործիչ Գաբրիել Այվազովսկու եղբայրը: Սովորել Է Թեոդոսիայի հայկական ծխական դպրոցում, 1830-33թթ` Սիմֆերոպոլի ռուսական գիմնազիայում, 1833-37թթ` Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում` Վորոբյովի բնանկարի դասարանում: «Անդորր» նկարի համար 1837թ. արժանացել Է ակադեմիայի առաջին կարգի ոսկե մեդալի և երկու տարով գործուղվել Ղրիմ` ինքնուրույն աշխատանքի: 1839թ. մասնակցել է Կովկասի ափերի մոտ ծավալված զորաշարժերին, ծանոթացել ծովակալներ Լազարևի, Նախիմովի, Կոռնիլովի հետ: Ղրիմում կատարած նկարների համար նույն տարվա աշնանը արժանացել է նկարչի կոչման: 1840թ. ակադեմիան նրան գործուղել Է արտասահման` կատարելագործվելու: Եղել է Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Անգլիայում, մասնակցել ցուցահանդեսների, արժանացել համընդհանուր ճանաչման: Փարիզում արժանացել Է ոսկե մեդալի, իսկ 1857թ.` Պատվո լեգեոնի շքանշանի, Ամստերդամում` ակադեմիկոսի կոչման: 1844թ. վերադարձել Է Ռուսաստան, ստացել Մոսկվայի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոսի կոչում և նշանակվել ծովային գլխավոր շտաբի գեղանկարիչ: 1845թ. հեռացել Է մայրաքաղաքից և մշտական բնակություն հաստատել Թեոդոսիայում, որտեղ կառուցել է արվեստանոց: Շատ է ճանապարհորդել, եղել է Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի երկրներում, ԱՄՆ-ում, Ռուսաստանի տարբեր ծայրամասերում: 1868թ. ուղևորվել է Կովկաս, նկարել լեռնային բնանկարներ` «Գունիբ լեռան ամրոցը», «Դարյալի կիրճը», «Թիֆլիսի տեսարան» և այլն: 1869թ. Թիֆլիսում բացել է հայ իրականության մեջ առաջին գեղարվեստական ցուցահանդեսը: 1873թ. Ֆլորենցիայի ակադեմիայի պատվերով Պիտտի պալատի պատկերասրահի համար, որպես օտարերկրյա մեծ նկարիչ, կատարել է իր ինքնանկարը: 1890-ականների հայկական կոտորածների ծանր օրերին ստեղծել է բազմաթիվ աշխատանքներ` արտահայտելով իր ցասումն ընդդեմ թուրք մարդասպանների: Եղել է Ղրիմի հայկական գաղթօջախի հովանավորը, Թեոդոսիայի պատվավոր քաղաքացի, որտեղ բացել է պատկերասրահ, հնագիտական թանգարան, գեղարվեստական դպրոց, գրադարան, համերգային դահլիճ, համագործակցել է նավահանգստի, երկաթգծի կառուցմանը, քաղաքի մերձակա բլուրների անտառապատմանը և այլն: 1900թ. Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան հաստատել Է Այվազովսկու անվան թոշակ: Նրա անունով Թեոդոսիայում կոչվել Է փողոց, զբոսայգի և մոտակա բլուրներից մեկը: Ստեղծել Է շուրջ 6000 կտավ: Մահացել է ուղեղի արյունազեղումից` անավարտ թողնելով «Թուրքական նավի պայթյունը» կտավը: Նրան թաղել են զինվորական պատվով, Թեոդոսիայի Սբ. Սարգիս հայկական եկեղեցու բակում: