Zark Foundation

Հրաչյա Ղափլանյան

Հրաչյա Ղափլանյան

Բեմադրիչ, դերասան

14 դեկտեմբեր, 1923 - 17 օգոստոս, 1988

Ծնվել է Հայաստանի Գյառ-Գյառ (այժմ` ՀՀ Լոռու մարզի Գարգառ) գյուղում: Եղել է դերասանուհի Էմմա Վարդանյանի ամուսինը: Բեմ է բարձրացել 1935թ., Լենինականի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան) դրամատիկական թատրոնում, ուր աշխատել է մինչև 1938թ., ապա` Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում: 1940թ. ավարտել է Երևանի թատերական ուսումնարանը: 1942-45թթ ծառայել է սովետական բանակում, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին, հետո` մինչև 1952թ. կրկին աշխատել նույն թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր: 1952-53թթ ստաժավորվել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոնում: 1953-58թթ եղել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1958-60թթ` Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ռեժիսոր, 1960-62թթ` կրկին պատանի հանդիսատեսի թատրոնի գլխավոր ռեժիսոր, նաև տնօրենը, 1962-65թթ` Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի գլխավոր ռեժիսորը: 1965թ-ից եղել է Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նախագահը: 1965թ. նրա նախաձեռնությամբ միությանը կից կազմակերպվել է ստուդիա-թատրոն (1969թ-ից` Երևանի դրամատիկական թաարոն, այժմ` Երևանի Հ.Ղափլանյանի անվան), որտեղ եղել է տնօրեն ու գեղարվեստական ղեկավար: 1973-75թթ միաժամանակ եղել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը, 1977-79թթ` նաև գլխավոր ոեժիսորը: Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում խաղացել է շուրջ 60 դեր: Խաղացած ներկայացումներից են` Կ.Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան» (Տրուֆալդինո), Հ.Թումանյանի «Գիքոր» (Գիքոր), Վ.Կատաևի «Գնդի որդին» (Վանյա Սոլնցե), Ա.Ֆադեևի «Երիտասարդ գվարդիա» (Տյուլենին) և այլն: Նրա բեմադրությունները ժամանակի թատերարվեստի նվաճումներից են եղել, աչքի են ընկել վառ թատերայնությամբ, պատկերավոր բեմավիճակներով: Լավագույններից են` Ֆ.Շիլլերի «Սեր և խարդավանք» (1955թ.), Գ.Յաղջյանի «Գիշերային հրաշք» (1960թ.), Ա.Շիրվանզադեի «Արտիստը» (1955թ.), Ս.Միխալկովի «Սոմբրերո» (1961թ.), Ֆ.Գուդրիչի, Ա.Հակկետի «Աննա Ֆրանկի օրագիրը» (1968թ.), Կ.Խոյինսկու «Գիշերային պատմություն» (1968թ.), Ի.Շտոկի «Աստվածային կատակերգություն» (1968թ.), Ա.Օստրովսկու «Անօժիտը» (1970թ.), Ե.Օտյանի «Սեր և ծիծաղ» (1970թ.), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (1970թ.), «Ռիչարդ Երրորդ» (1972թ.), «Կորիոլան» (1978թ.), Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (1976թ.), Ի.Ստրավինսկու «Էդիպ արքա» (1963թ.), Լ.Բեռնստայնի «Վեստ-Սայդյան պատմություն» (1963թ.) և այլն: Բեմադրություններ է կատարել նաև Մոսկվայի մի քանի թատրոններում, Բրատիսլավայի ազգային թատրոնում` Ա.Արաքսմանյանի «Քո սրտի կրակը» (1959թ.), Գ.Յաղջյանի «Գիշերային հրաշք» (1959թ.), Լ.Ուկրաինկայի «Քարե տերը» (1971թ.), Ս.Դանգուլովի «Ճանաչում» (1970թ.), Վ.Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդ» (1977թ.), Լ.Տոլստոյի «Կենդանի դիակ» (1976թ.) և այլն: Հեղինակել է «Իմ ընկերները» (1958թ.) պիեսների ժողովածուն: 1975թ-ից դերասանի վարպետություն է դասավանդել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (պրոֆեսոր): Եղել է ԽՍՀՄ 9-10-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ, 1950թ-ից` Հայաստանի գրողների միության անդամ: 1975թ. և 1979թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի, պարգևատրվել ժողովուրդների բարեկամության շքանշանով: 1954թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի, 1960թ.` արվեստի վաստակավոր գործչի, 1966թ.` Հայաստանի, 1971թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում: Երևանի դրամատիկական թատրոնը կոչվում է Հրաչյա Ղափլանյանի անունով: