Zark Foundation

Սեդա Գասպարյան

Սեդա Գասպարյան

Լեզվաբան

Ծնվել է 1946թ. հունիսի 30-ին, Երևանում: 1963թ. ավարտել է Երևանի Նար-Դոսի անվան միջնակարգ դպրոցը, 1968թ.՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1981թ.՝ Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանի նպատակային ասպիրանտուրան, 1991թ.՝ նույն համալսարանի դոկտորանտուրան: 1969թ-ից դասավանդում է ԵՊՀ-ում, որտեղ 1993թ-ից անգլերեն բանասիրության ամբիոնի վարիչն է: 1994թ-ից Հայաստանի անգլախոսների միության փոխնախագահն է, 1995թ-ից՝ ԵՊՀ օտար լեզուների մասնագիտական խորհրդի նախագահը, 2003թ-ից՝ Անգլերենի ուսումնասիրության հայկական ասոցացիայի նախագահը: 1994թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1996թ-ից՝ պրոֆեսոր): Զբաղվել է գեղարվեստական ստեղծագործության ընկալման, հասկացման և մեկնաբանման, թարգմանության խնդիրներով: Կազմել է բուհական դասագրքեր, ձեռնարկներ: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են մի շարք թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ: 1999թ. արժանացել է ԵՊՀ արծաթե, 2006թ.՝ ԵՊՀ ոսկե հուշամեդալների, 2004թ., 2006թ., 2008թ.՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրի, 2009թ.՝ ՀՀ վարչապետի հուշամեդալի: 2010թ. Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՀ ԳԱԱ-ի կողմից 2009թ. հայտարարված «Լավագույն գիտական աշխատանք» մրցանակաբաշխությունում արժանացել է մրցանակի և Ռուսաստանի հայերի միության հուշամեդալի: 2014թ-ից ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ է: