Zark Foundation

Լիլի Գասպարյան

Լիլի Գասպարյան

Պարուհի, պարուսույց, արվեստաբան

Ծնվել է 1998թ. հուլիսի 5-ին, Գյումրիում: Սովորել է տեղի Րաֆֆու անվան թիվ 32 հիմնական դպրոցում: 9-րդ դասարանից ուսումը շարունակել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի հայկական ժողովրդական պարերի բաժնում: 2016թ. ավարտել է քոլեջը և ընդունվել Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի մանկավարժություն բաժին, որն ավարտել է 2020թ-ին: Նույն թվականին ընդունվել է ՀՊՄՀ-ի գեղարվեստական կրթության ֆակուլտետի արվեստի տեսություն, պատմություն և կառավարում բաժնի մագիստրատուրա, որը 2022թ. ավարտելուց հետո ստացել է արվեստաբանի, արվեստի կառավարչի մագիստրոսի որակավորում: 5 տարեկան հասակից զբաղվել է պարարվեստով: Սովորել է Գյումրու քաղաքապետարանի «Պարարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում, որին կից պարախմբով 2009թ. հանդես է եկել Ռումինիայում և Բուլղարիայում կայացած միջազգային փառատոներին: 2011թ. նույն պարախմբով Չեխիայում, Լեհաստանում, 2012թ. Ֆրանսիայում, 2014թ. Ռուսաստանում, Վրաստանում մասնակցել է տարբեր պարային մեծամասշտաբ փառատոների: 2016թ-ից աշխատում է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլում որպես պարուհի: Մենապարել է մի շարք պարային համարներում՝ Լ.Սարգսյանի բեմադրությամբ, Լ.Պիպոյանի կատարմամբ «Դառնում եմ» պարային համարում, Ն.Մեհրաբյանի «Ալ այլուղ», «Հրեական հարսանիք», Ա.Մեհրաբյանի բեմադրությամբ Պ.Չայկովսկու «Կարապի լիճ» բալետից Ռուսական պար բեմադրությունում և այլն: Անսամբլի հետ 2019թ. հանդես է եկել Պեկինում կայացած Ասիական երկրների բարեկամական պետական միջոցառմանը: Նույն թվականին Թեհրանում անսամբլի հետ հանդես է եկել մենահամերգներով: 2022թ. մասնակցել է «Դուբայ Էքսպո-2020» համաշխարհային ցուցահանդեսին, իսկ Փարիզ և Մարսել քաղաքներում ներկայացել է մենահամերգներով: 2018թ-ից դասավանդում է Երևանի պարարվեստի պետական քոլեջի ստուդիայում: 2021թ-ից քոլեջի ՀԺՊ և Մոդեռն բաժիններում հանդես է գալիս որպես հայկական ժողովրդական պարի ուսուցչուհի: 2016-19թթ դասավանդել է նաև «Էրիվան» պարային համույթում՝ որպես դասական պարի ուսուցչուհի: Եղել է «Մարդանյան» պարարվեստի կենտրոնի հիմնադիրներից, որտեղ 2019-20թթ աշխատել է որպես գեղարվեստական ղեկավար և պարուսույց: 2017-22թթ աշխատել է Երևանի քաղաքապետարանի թիվ 13 մանկապարտեզում՝ որպես պարուսույց: 2021թ-ից հանդիսանում է Գյումրու համայնքապետարանի «Պարարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի գեղարվեստական ղեկավարը: Տարբեր հյուրախաղերում և հանրապետական փառատոներում արժանացել է շնորհակալագրերի, պատվոգրերի, մրցանակների: 2018թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագրի, 2022թ.՝ Գյումրու համայնքապետարանի շնորհակալագրի: