Zark Foundation

Ստեփան Շաքարյան

Ստեփան Շաքարյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

23 հոկտեմբեր, 1935 - 22 հունիս, 2019

Ծնվել է Բաքվում: 1952թ. տեղափոխվել է Երևան: 1954թ. ընդուվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: 1956թ. Արամ Խաչատրյանի խորհրդով և հրավերով տեղափոխվել է Մոսկվայի Գնեսինների անվան ինստիտուտ, որից հետո` Լենինգրադի կոնսերվատորիա: 1964թ. ավարտել է ուսումը և վերադարձել Երևան: 1960-ականներին Երևանի Մշակույթի պալատին կից ստեղծել է առաջին «Պատանեկություն» խումբը: Եղել է հայկական ջազի հիմնադիրներից մեկը: 1965թ. երևանյան ջազային փառատոնի ժամանակ արժանացել է ոսկե մեդալի: Ստեղծել է ավելի քան 100 ջազային կոմպոզիցիաներ, որոնք ներգրավված են հայկական տարբեր ջազային կոլեկտիվների նվագացանկերում: Նրա ստեղծագործությունները կատարել է Հայաստանի պետական ջազային, Հայաստանի հանրային ռադիոյի և հեռուստատեսության էստրադային սիմֆոնիկ նվագախմբերը, մի շարք այլ խմբեր: Մշակել է հայկական ժողովրդական երգեր, որոնց տվել է ջազային շունչ: «Բինգյոլից մինչև Կանզաս սիթի» ստեղծագործությունը դարձել է հայկական ջազի ստանդարտ: Նրա սիմֆոնիաները և կոնցերտները կատարել են հայ և այլազգի բազմաթիվ կատարողներ: Հեղինակել է Կոնցերտ սիմֆոնիկ նվագախմբի համար (1964թ.), «Խորեոգրաֆիկ սիմֆոնիա» (1968թ.), «Նախանձ» (1966թ.), «Աղավնավանք» (1996թ.) բալետները, Սյուիտ՝ կամերային նվագախմբի համար (1985թ.), «Կոմիտասի հիշատակին» պոեմը (1965թ.), «Հայաստան» սիմֆոնիկ պոեմը (1993թ.), Սիմֆոնիկ նախերգանք (1995թ.): Հեղինակել է նաև մի շարք մուլտֆիլմերի երաժշտություններ՝ «Հայելի», «Անհաղթը», «Պինգվին Վինը» և այլն: 1992թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1998թ-ից՝ պրոֆեսոր): 2009թ. թողարկվել է նրա «Լուսինը սարերի վրա» ձայնասկավառակը, որը ներգրավվել է «Հայկական ջազ 70» ձայնասկավառակների հավաքածուի մեջ: 2009թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման և պարգևատրվել ՀՀ մշակույթի նախարարության, 2015թ.՝ Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալներով: Մահացել է Երևանում: