Zark Foundation

Արմեն Թութունջյան/Չիկո

Արմեն Թութունջյան/Չիկո

Թմբկահար, ջազմեն, հաղորդավար

28 հունվար, 1944 - 8 հունիս, 2017

Ծնվել է Երևանում: 1963թ. ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ: Ինստիտուտում սովորելու տարիներին, նվագել է այդ տարիների լավագույն ինքնագործ խմբերում` «Յունոստ», «Կռունկ»: 1968թ. Արթուր Աբրահամյանի և Լևոն Մալխասյանի հետ համատեղ, եռյակը առաջին Հայկական ջազ փառատոնի ժամանակ ճանաչվել է` որպես լավագույն կոլեկտիվ, իսկ Թութունջյանը` «Լավագույն թմբկահար»: 1969թ. ստեղծվել է Ալեքսանդր Զաքարյան (սաքսոֆոն), Լևոն Մալխասյան (դաշնամուր), Երվանդ Երզնկյան(կոնտրաբաս), Արմեն Թութունջյան (հարվածային գործիքներ) կազմով ջազ-քառյակը, որը հայկական ջազին բերել է առաջին լուրջ հաջողությունը` 1970թ. դառնալով կույբիշևյան ջազ-փառատոնի դափնեկիր և նվաճելով բոլոր մրցանակները տարբեր անվանակարգերում: Հաջորդ տարի քառյակը (կոնտրաբասիստ Դավիթ Գասպարյանի հետ) ճանաչվել է լավագույնը` Վորոնեժի ջազ-փառատոնում, իսկ Թութունջյանը կրկին արժանացել է «Լավագույն թմբկահար» մրցանակին: 1978-82թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետում: 1982թ-ից դասավանդել է հարվածային գործիքներ` Երևանի արվեստի թիվ 1 դպրոցում, Հայաստանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջում ու Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1986-92թթ նվագել է Կ.Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում և մասնակցել է մաեստրոյի հրաժեշտի համերգներին: 1992թ. համախմբելով տաղանդավոր երիտասարդ երաժիշտների՝ ստեղծել է «Chicko & Friends» ջազային խումբը: 1994թ. ԱՄՆ-ի պետդեպարտամենտի «Open competition» մրցույթի ժամանակ ճանաչվել է հաղթող: 1996թ-ից «Հայ FM» ռադիոկայանով վարել է «Սիրված երգիչներ» և «Ջազ» հաղորդումները: 1998թ-ից վարել է «Ջազի ժամ» հաղորդումը նախ` «Ա1+», «Նոր ալիք», «Արարատ», 2011թ-ից` «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ: 2008թ. Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է Հատուկ մրցանակի` «Ջազի ժամ» հաղորդաշարի համար: 2009թ-ից եղել է Վահագն Հայրապետյանի եռյակի և քառյակի թմբկահարը: Դասավանդել է գրեթե բոլոր հայ թմբկահարներին: 2011թ. լույս է տեսել նրա թմբկահարների առաջին հայերեն լեզվով «Ռիթմ և շարժում» ձեռնարկը: 2008թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում։