Ծնվել է Թիֆլիսում: Գրաճանաչ է դարձել Ներսիսյան ճեմարանում: Դեռ դպրոցական տարիներից նկատվել է նկարչական տաղանդը: 1915-18թթ հաճախել է նկարչության և քանդակագործության դպրոց, որն ավարտելուց հետո, մեկնել Մոսկվա և հաճախել «Ազատ գեղարվեստական արվեստների» դասընթացներին: 1919թ. ավարտելով ուսումը` վերադարձել է Թիֆլիս և նկարչություն դասավանդել տեղի հայկական դպրոցներում, իսկ 1921թ-ից` բարձրագույն տեխնիկական հաստատություններում: 20 տարեկան հասակում ունեցել է իր առաջին ցուցահանդեսը: 1922-23թթ ապրել է Վենետիկում, որտեղ նկարչություն է դասավանդել Լազարյան ճեմարանում: 1923թ-ից բնակություն է հաստատել Փարիզում: 1936թ. վերադարձել է Հայաստան: Ստալինյան ռեպրեսիաների հետևանքով 1941թ. խորհրդային իշխանությունները Երևանում նրան անհիմն ձերբակալել են և մեղադրանք առաջադրել «հակահեղափոխական, հակախորհրդային, ազգայնամոլական գործունեություն» ծավալելու համար: Երկու տարի անցկացրել է աքսորավայրում, 1943թ. արդարացվել է և վերադարձել Երևան: 1944-45թթ նկարչություն է դասավանդել Երևանի գեղարվեստաթատերական և պոլիտեխնիկական ինստիտուտներում: Հայտնի նկարներից են` «Կշռաքարերով նոտյուրմորտ», «Ջութակ», «Ըմպանակով կին», «Նկարչի մոր դիմանկար», «Ղազարոսի հարություն», «Տեսիլք», «Սիրահարներ», «Կոմիտաս», «Բանաստեղծ» և այլն: Աշխատանքները գտնվում են աշխարհի հանրահայտ թանգարաններում: Քանդակել է Մաքսիմ Գորկու, Ալեքսանդր Պուշկինի, Խաչատուր Աբովյանի, Անանիա Շիրակացու, Մեսրոպ Մաշտոցի, Միքայել Նալբանդյանի, Սասունցի Դավթի, Վարդան Մամիկոնյանի արձանները, Զվարթնոցի արծիվը: 1965թ. արժանացել է Հայաստանի, 1976թ.` ԽՍՀՄ ժողովրդական նկարչի կոչման: Մահացել է Երևանում: Նրա անունով է կոչվում Երևանի փողոցներից մեկը: 1984թ. Երևանում բացվել է Երվանդ Քոչարի թանգարանը: