Zark Foundation

Վահրամ Փափազյան

Վահրամ Փափազյան

Դերասան, բեմադրիչ

6 հունվար, 1888 - 5 հունիս, 1968

Ծնվել է Կոստանդնուպոլսում: 1896-1907թթ սովորել է տեղի թաղային դպրոցում, ապա` Նարեկյան վարժարանում և Մխիթարյան նախակրթարանում: 1902թ. ավարտել է Կ.Պոլսի Էսայան վարժարանը, 1906թ.` Գատըգյուղի քոլեջը: 1905-07թթ ուսանել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում: Առաջին անգամ բեմ է բարձրացել 1904թ., Կ.Պոլսում` Քինի դերով (Ա.Դյումա-հոր «Քին կամ Հանճար և անառակություն»): 1907թ. մեկնել է Փարիզ, ապա մի քանի ամիս խաղացել Բաքվի հայկական թատերախմբերում: 1908-11թթ սովորել է Միլանի Գեղարվեստի ակադեմիայում, որտեղ հանդես է եկել իտալացի մեծահամբավ դերասաններ Ձակոնիի և Նովելլիի շրջիկ թատերախմբերում: Խաղացել է աշխարհահռչակ դերասանուհիներ Էլեոնորա Դուզեի և Սառա Բեռնարի հետ: 1908թ. Կ.Պոլսում առաջին անգամ խաղացել է Օթելլոյի դերը (Վ.Շեքսպիրի «Օթելլո»), որը դերասանին ուղեկցել է ավելի քան մեկ հիսնամյակ: Օթելոյի դերը խաղացել է ավելի քան 2000 անգամ: 1909-13թթ խաղացել է Կ.Պոլսի և Զմյուռնիայի թատերախմբերում: 1913-17թթ Թիֆլիսի Արտիստական և Բաքվի հայկական դրամատիկական թատրոններում հանդես է եկել Սիրանույշի, Հովհաննես Աբելյանի և Հովհաննես Զարիֆյանի հետ: 1917-20թթ, Էռնեստո Վահրամ ծածկանունով, Մոսկվայում և Յալթայում նկարահանվել է Խանժոնկովի մի շարք կինոնկարներում` «Սիրո երկրում», «Գայթակղություն», «Այրին», «Պոետը և ընկած հոգին», «Դոկտոր Կատցել», «Կյանք ու երազ», «Երկրաշարժ» և այլն: 1920թ. վերջին անգամ մեկնել է Կ.Պոլիս և մինչ 1922թ. խաղացել է հայկական դրամատիկական խմբում: 1922թ. մեկ թատերաշրջան եղել է Երևանի Առաջին Պետթատրոնի (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն) դերասան: Խաղացած ներկայացումներից են` Լ.Շանթի «Հին աստվածներ» (Աբեղա), «Կայսր» (Օհան Գուրգեն), Դ.Դեմիրճյանի «Դատաստան» (Թովմաս), Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Ռուստամ, Սեյրան), Մ.Մետերլինկի «Մոննա Վաննա» (Պրինչիվալե), Կ.Գուցկովի «Ուրիել Ակոստա» (Ուրիել Ակոստա), Հ.Իբսենի «Ուրվականներ» (Օսվալդ), Շիլլերի «Ավազակներ» (Կարլ Մոոր), Հաուպտմանի «Ջրասույզ զանգ» (Հայնրիխ) և այլն: Բեմադրել է նաև Վ.Շեքսպիրի «Օթելլո», Ա.Դյումա-հոր «Քին», Մոլիերի «Դոն Ժուան», Կ.Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառա», Բ.Շոուի «Սատանի աշակերտը» պիեսները, որտեղ խաղացել է գլխավոր դերեր: 1922-26թթ հանդես է եկել Թիֆլիսի և Բաքվի հայկական թատրոններում: 1926-27թթ եղել է Թիֆլիսի Հայ դրամայի թատրոնի գլխավոր ռեժիսորը, որտեղ բեմադրել է Վ.Շեքսպիրի «Մակբեթ», Մ.Լերմոնտովի «Դիմակահանդես», Ե.Չարենցի «Կապկազ-թամաշա», Ա.Շիրվանզադեի «Մորգանի խնամին» պիեսները: 1929-30թթ եղել է Լենինգրադի «Պասսաժ», 1942-44թթ՝ Պուշկինի անվան թատրոնների դերասան: 1932թ. ռուսական թատերախմբերի հետ ելույթներ է ունեցել Ռիգայում, Տալլինում, Կաունասում, ապա մեկնել է Փարիզ, ներկայացումներով հանդես եկել տեղի Հայ դրամատիկական թատրոնի հետ, «Օդեոն» թատրոնի դերասանական խմբով ֆրանսերեն ներկայացրել «Օթելլոն»: 1933թ. եղել է Բեռլինում: 1934-41թթ դերասանն, իր կազմակերպած ռուսական թատերախմբով, առանձին շրջագայել է Այսրկովկասի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Միջին Ասիայի քաղաքներում: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1941-45թթ) մնացել է պաշարված Լենինգրադում և իր թատերախմբով ելույթներ ունեցել զինվորների համար: 1954թ. հաստատվել է Երևանում, եղել է Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան: Նկարահանվել է «Ուրվականները հեռանում են լեռներից» (1955թ.), «Սիրտն է երգում» (1956թ.), «Մսյո Ժակը և ուրիշները» (1964թ.) կինոնկարներում: Գրել է «Հետադարձ հայացք» (2 հատոր, 1956-57թթ), «Սրտիս պարտքը» (1959թ.) գրքերը, որոնք հայ հուշագրության արժեքավոր երկերից են, իսկ նրա «Իմ Օթելլոն» (1964թ.), «Համլետը ինչպես տեսա» (1968թ.), «Լիր արքա» (1971թ.) գործերը շեքսպիրագիտության լավագույն էջերից են: Եղել է Սովետական Հայաստանի 7-րդ գումարման Գերագույն սովետի պատգամավոր: Արժանացել է մի շարք պետական պարգևների, շքանշանների, պատվոգրերի: 1933թ. արժանացել է Հայաստանի և Վրաստանի, 1935թ.` Ադրբեջանի, 1956թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Լենինգրադում (այժմ` Սանկտ Պետերբուրգ), թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: Վահրամ Փափազյանի անունով են կոչվել Ստեփանակերտի դրամատիկական թատրոնը, թատերախումբ` Բեյրութում, փողոց` Երևանում: