Zark Foundation

Տիգրան Լևոնյան

Տիգրան Լևոնյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

14 դեկտեմբեր, 1936 - 25 հունիս, 2004

Տիգրան Խանդիկյան
Ծնվել է Բեյրութում: Եղել է երգչուհի Գոհար Գասպարյանի ամուսինը, ռեժիսոր Արմեն Խանդիկյանի եղբայրը: 1946թ. տեղափոխվել է Հայաստան: 1958թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, 1977թ.` Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտի օպերային ռեժիսուրայի բաժինը: Երգեցողական արվեստն ուսանել է ապագա կնոջ` Գոհար Գասպարյանի մոտ: Ստաժավորվել է Միլանի հռչակավոր «Լա Սկալա» թատրոնում: 1962թ-ից եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, 1970-77թթ, միաժամանակ` ռեժիսոր, 1977-ից` գլխավոր ռեժիսորը, 1991-2000թթ` նաև գեղարվեստական ղեկավարը: Հանդես է եկել հետևյալ օպերաներում՝ Ա.Տիգրանյանի «Անուշ» (Սարո), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Տիրիթ), Ջ.Վերդիի «Տրուբադուր» (Մանրիկո), «Օթելլո» (Օթելլո) և այլն: Բեմադրել է Լեոնկավալլոյի «Պայացներ» (1977թ., 1996թ.), Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» (1978թ.), Ա.Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (1981թ.), «Անուշ» (1994թ.), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (1984թ., 1992թ.), «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» (1988թ.), Գ.Դոնիցետտիի «Պողիկտոս» (1993թ.) և այլ օպերաներ: Նկարահանվել է «Կարինե» (1968թ.), «Հարսնացուն Ջերմուկից» (1997թ.) ֆիլմերում: Եղել է «Ալմաստ» (1986թ.) և «Արշակ Երկրորդ» (1988թ., գլխավոր դերակատար) ֆիլմ-օպերաների բեմադրող-ռեժիսորը և սցենարների հեղինակը: 1992թ-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1992թ-ից՝ պրոֆեսոր, ամբիոնի վարիչ): 1984թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 1996թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Մահացել է Երևանում: