Zark Foundation

Նիկողայոս Տիգրանյան

Նիկողայոս Տիգրանյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

19 օգոստոս, 1856 - 17 փետրվար, 1951

Նիկոլայ Ֆադեևիչ
Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Ինը տարեկան հասակում ծաղկախտի հետևանքով ընդմիշտ զրկվել է տեսողությունից: 1871թ, նրան տեղավորել են Վիեննայի կույրերի ինստիտուտում, ուր և ստացել է ընդհանուր և երաժշտական կրթություն՝ Վիեննայի կոնսերվատորիայի դաշնամուրի դասարանի պրոֆեսոր Վ.Շենների մոտ: Ինստիտուտն ավարտելուց հետո, լեզուների և երաժշտության գծով ևս երեք տարի կատարելագործվել է Վիեննայում և 1880թ. վերադարձել հայրենիք, ծավալել բազմակողմանի գործունեություն: Գրի է առել և դաշնամուրի համար մշակել տարածված պարեղանակներ ու երգեր, որոնք լույս են տեսել «Անդրկովկասյան ժողովրդական երգեր և պարեր» խորագրով ժողովածուով (1888թ.): Այն ընդգրկում է յոթ գործ՝ վրացական «Ախ դիլավ, դիլավ», «Կիլիկիա» երգերը, հայկական «Դյուզպարն» ու «Ետ ու առաջը», աշուղ Ջիվանու «Ընկերն ու «Քո փափագովը», պարսկական «Շարաշուբ» պարը: Մշակել է նաև մուղամներ: 1893թ. մեկնել է Պետերբուրգ և մասնավոր կարգով դասեր վերցրել կոնսերվատորիայի պրոֆեսոր Ն.Սոլովյովից: Անդրանիկ համերգը տեղի է ունեցել Պետերբուրգում: 1894թ-ից Անդրկովկասի, Կովկասի, Ռուսաստանի, Արևմտյան Եվրոպայի քաղաքներում բազմիցս հանդես է եկել որպես դաշնակահար, կարդացել դասախոսություններ: Հրապարակել է արևելյան երաժշտության վերաբերյալ մի շարք հոդվածներ: 1898թ. Պետերբուրգում հանդիպել է Ալեքսանդր Սպենդիարյանի հետ: 1921թ-ից կազմակերպել է երաժշտական սեկցիա-ստուդիա և մեկուկես տարի ղեկավարել այն: 1922թ. հիմնել է կույրերի դպրոց, որտեղ դասավանդել է երաժշտություն և հանրակրթական առարկաներ: Հաճախ հանդես է եկել համերգներով և դասախոսություններով զորամասերում և բանվորական լսարաններում: 1934թ. տեղափոխվել է Երևան: Եղել է հայ կոմպոզիտորներից առաջինը, ով ձայնագրել է և մշակել (դաշնամուրի և կամերային անսամբլների համար) հայ աշուղների, դուդուկահարների, սազանդարների հորինած և կատարած երգերը՝ «Քո փափագով» (1887թ.), «Տուն արի» (1890թ.), «Ձախորդ օրեր» (1896թ.), «Լուսնյակ գիշեր» (1896թ.) և այլն, պարերը՝ «Դյուզ պար» (1887թ.), «Ֆինջան», «Ֆատեն կիտամ», «Թարս պար», «Զուռնի տրնգի», «Ուզունդարա», «Դոյ-դոյ», «Վեր-վեր» (1890թ.), «Ռանգի», «Քյանդրբազ», «Վարդ կոշիկս», «Շավալի» (1896թ.) և այլն, մուղամները և դաստգյահները՝ «Բայաթի քուրդ» (1888թ.), «Բայաթի Շիրազ» (1889թ.), «Հեյդարի» (1894թ.), «Շահնազ» (1895թ.), «Չարգյահ» (1896թ.), «Նովրուզ արաբի» (1900թ.), «Նավա» (1902թ.), «Չոբան բայաթի» (1904թ.), «Շուշթար» (1904թ.) և այլն (ընդամենը՝ 12): Դրանք առաջին անգամ հրատարակվել են Մոսկվայում և Պետերբուրգում՝ սկսած 1887թ-ից և բազմաթիվ անգամ վերահրատարակվել Սովետական Հայաստանում: 1934-46թթ իր ստեղծագործությունների որոշ մասը մշակել է փողային, սիմֆոնիկ և կամենային նվագախմբերի համար: 1900թ. Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին պարգևատրվել է բրոնզե մեդալով, որպես «արևելյան մոտիվների հավաքման և մշակման պիոներ»: 19-20-րդ դարերի Անդրկովկասի քաղաքներում կենցաղավարող հայկական, պարսկական, քրդական ժողովրդական և ժողովրդապրոֆեսիոնալ երաժշտության շատ նմուշներ պահպանվել են կոմպոզիտորի գրառումների շնորհիվ: Մի շարք կոմպոզիտորներ՝ Ա.Սպենդիարյանը, Մ.Իպոլիտով-Իվանովը, Գ.Կազաչենկոն, Ռ.Գլիերը, Ա.Տիգրանյանը, Ս.Բարխուդարյանը, Ա.Այվազյանը, Ա.Խաչատրյանը, այդ մեղեդիները օգտագործել են իրենց ստեղծագործություններում: Եղել է հայկական ազգային դաշնամուրային երաժշտության հիմնադիրներից: Իր մշակումներում ձգտել է պահպանել «հավատարմությունը բնագրի ոգուն», հաղորդել ժողովրդական գործիքային հնչողության և բազմաձայնության, ժողովրդական մեղեդիների լադերի առանձնահատկությունները, ժողովրդական պարերի պլաստիկան: Ժողովրդական մեղեդիների գրառման և մշակման նրա հայտնաբերած հնարները, ինչպես նաև դաշնամուրային մանրանվագներում և բազմամաս կոմպոզիցիաներում կիրառվող ձևակառուցման սկզբունքները հետագա զարգացում են գտել բազմաթիվ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններում: Արժանացել է կառավարական բարձր պարգևների: 1933թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 1936թ.՝ «Աշխատանքային հերոս» մեդալի: Մահացել է Երևանում: Հայաստանում սահմանվել է Նիկողայոս Տիգրանյանի անվան պետական մեդալ, Երևանում նրա անունով փողոց է անվանվել: