Zark Foundation

Արմեն Գուլակյան

Արմեն Գուլակյան

Բեմադրիչ, դրամատուրգ

20 հոկտեմբեր, 1899 - 22 սեպտեմբեր, 1960

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է դերասանուհի Անահիտ Մասչյանի ամուսինը: 1921թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: 1918թ-ից որպես դերասան մասնակցել է Թիֆլիսի Զուբալովի ժողովրդական տան դրամատիկակաև խմբի ներկայացումներին: 1919թ. սովորել է Օվի Սևումյանի դրամատիկական ստուդիայում, 1921-25թթ` Մոսկվայի Հայկական դրամատիկական ստուդիայում, հաճախելով նաև Թատերական արվեստի ինստիտուտի մասնագիտական դասընթացը: Ուսումնառությունը Գ.Բուրջալովի, Ս.Բիրմանի, Ս.Խաչատրյանի, Բ.Շչուկինի, Ռ.Սիմոնովի մոտ և դարասկզբի թատերակաև նորագույն ուղղություններին մոտիկից հետևելը շատ կողմերով ձևավորել են նրա գեղագիտակաև հայացքները: 1925թ. աշխատել է Թիֆլիսի Պետհայդրամայում` որպես ռեժիսորի օգնական, ապա` ռեժիսոր: 1926թ. Դիլիջանում կազմակերպել է «Կապույտ բաճկոններ» թատրոնը: 1927թ. ընդունվել է Երևանի Առաջին պետթատրոն (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն)` որպես ռեժիսոր: 1930-38թթ և 1944-53թթ եղել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան, 1938-45թթ և 1958-60թթ` Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի, 1955-56թթ` Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնների գլխավոր ռեժիսորը: 1944-60թթ դասավաևդել է Երեվանի զեղարվեստաթատերական ինստիտուտում (1945թ-ից` դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր): Նրա առաջին ինքնուրույն բեմադրություններից են Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (1927թ.), «Պեպո» (1929թ.), Վ.Շեքսպիրի «Մակբեթ» (1933թ.), Պ.Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը» (1933թ.) պիեսները: Գ.Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրել է Ա.Գլեբովի «Ինգա» (1929թ.), Ե.Յանովսկու «Ցասում» (1930թ.), Ն.Պոգոդինի «Տեմպ» (1931թ.), Վ.Վաղարշյանի «Օղակում» (1930թ.), «Նավթ» (1932թ.), Ա.Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ» (1935թ.) և այլ պիեսներ: Բեմադրություններում դիմել է կերպարների հոգեբանական վերլուծմանը` ապրումների ճշմարիտ վերարտադրությամբ: Թատերային գրոտեսկով արտահայտվելու վերջին վւորձը եղել է Դ.Դեմիրճյանի «Նապոլեոն Կորկոտյան»-ը (1934թ.): Բեմադրություններին հատուկ են գաղափարական մտահղացման հստակությունը, ամուր գծված և արտահայտիչ միզանսցենները, դերասանական կերպարի հոգեբանական և պլաստիկական կատարյալ լուծումը: Ողբերգական հնչողություն է ստացել Ա.Օստրովսկու «Ամպրոպ»-ը (1935թ.), հոգեբանական խորություն` Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ»-ը (1938թ.), սոցիալ-փիլիսոփայական ենթատեքստի բացահայտումով է բեմադրվել «Պեպո»-ն (1948թ.): Գ.Տեր-Գրիգորյանի և Լ.Կարագյոզյանի«Այս աստղերը մերն են» պիեսի բեմադրությունը (1949թ.) արժանացել է ՀՀ Պետական մրցանակի (1950թ.): Մոնումենտալ ընդհանրացումների ձգտումը դրսևորվել է օպերային բեմադրություններում` Ա.Տիգրանյանի «Անուշ», Ժ.Բիզեի «Կարմեն», Մ.Գլինկայի «Իվան Սուսանին», Ջ.Վերդիի «Աիդա», «Օթելլո», «Պարահանդես-դիմակահանդես», Զ.Մեյերբերի «Հուգենոտներ», Տ.Չուխաճյանի «Արշակ Բ» (1945թ., ՀՀ Պետական մրցանակ` 1946թ.), Շ.Գունոյի «Ֆաուստ», Հ.Ստեփանյանի «Լուսաբացին»: Գաղափարական մտահղացման և գեղարվեստական արտահայտության ներդաշնակությամբ ստեղծագործական կյանքի վերջին շրջանում առանձնահատուկ տեղ են գրավել Մ.Լերմոնտովի «Դիմակահանդես»-ի (1949թ.) և Լ.Տոլստոյի «Կենդանի դիակ»-ի (1951թ.) բեմադրությունները: Գրել է պիեսներ, այդ թվում` «Արշալույսին» (1937թ.), «Մեծ բարեկամություն» (1939թ.), «Գանձ» (1940թ.), «Ցասում» (1942թ.), «Օրեր, մարդիկ անմոռաց» (1957թ.): Եղել է ԽՍՀՄ 2-րդ և 3-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ, 1939թ-ից` ԽՍՀՄ գրողների միության անդամ: Պարգևատրվել է «Պատվո նշան» և այլ շքանշաններով: 1940թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: