Zark Foundation

Գևորգ Ղարիբջանյան

Գևորգ Ղարիբջանյան

Պատմաբան

5 մայիս, 1920 - 28 դեկտեմբեր, 1999

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): 1937թ. ավարտել է Երևանի թիվ 19 միջնակարգ դպրոցը: 1937-41թթ սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: 1941-45թթ ծառայել է բանակում, մասնակցել Երկրորդ Համաշխարհային պատերազմին: Զորացրվելուց հետո կատարել է կոմերիտական ու կուսակցական ղեկավարի աշխատանք: 1948-50թթ եղել է Հայաստանի ԼԿԵՄ կենտկոմի քարտուղար, 1951-54թթ` ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղի ԽՄԿԿ պատմության բաժանմունքի վարիչը, 1968-77թթ` նույն մասնաճյուղի տնօրենը, 1954-61թթ` Հայաստանի կոմկուսի կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալը, 1961-68թթ` ՀԿԿ Լենինականի քաղկոմի առաջին քարտուղարը: 1948թ. պաշտպանել է թեկնածուական, 1955թ.` դոկտորական ատենախոսություն: 1965թ. ընտրվել է ՀՀ ԳԱ թղթակից անդամ, 1971թ.` ակադեմիկոս: 1977-82թթ եղել է ՀՀ ԳԱ պատմության և տնտեսագիտության բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարը: 1985թ-ից ղեկավարել է ՀՀ ԳԱ հասարակական գիտությունների գիտական ինֆորմացիայի կենտրոնը: 1947-99թթ դասախոսել է Երևանի պետական համալսարանում և հանրապետության այլ բուհերում (1957թ-ից՝ պրոֆեսոր): Եղել է Հայաստանի գրողների և ժուռնալիստների միությունների անդամ: Հեղինակել է ավելի քան 300 գիտական աշխատություններ և հրապարակախոսական հոդվածներ, որոնցից են` «Լենինը և Անդրկովկասը» (մաս 13, 1970թ., 1975թ.), «Ստեփան Շահումյան» (1978թ.), «Ալեքսանդր Մյասնիկյան» (1976թ.), «Հայ ժողովրդի ազատագրական պայքարը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին» (1986թ.), «Ավարայրից մինչև Սարդարապատ» (1985թ.), «Ժողովրդական հերոս Անդրանիկը» (1990թ.) գրքերը: Եղել է ԽՄԿԿ 22-րդ և 23-րդ համագումարների, ԽՍՀՄ 6-7-րդ, ՀԽՍՀ 8-9-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր, 1954-81թթ` ՀԿԿ ԿԿ անդամ, 1966-69թթ` Կենտկոմի բյուրոյի անդամության թեկնածու: Պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի 1-ին աստիճանի, Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան», Ժողովուրդների բարեկամության շքանշաններով, Խ.Աբովյանի անվան և այլ մեդալներով: 1968թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: