Zark Foundation

Տիգրան Մուշեղյան

Տիգրան Մուշեղյան

Ֆիզիոլոգ

20 օգոստոս, 1886 - 23 ապրիլ, 1935

Ծնվել է Վաղարշապատում (այժմ՝ Էջմիածին): 1906թ. ավարտել է Երևանի գիմնազիան: Կրթությունը շարունակել է Պետերբուրգի համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետի կենսաբանության բաժնում, որն ավարտել է 1912թ.: Ուսանողական տարիներին Օդեսայում երիտասարդական շարժումներին մասնակցելու համար 1909թ. երկու ամիս բանտարկվել է: Աշխատել է ճանաչված գիտնական, ֆիզիոլոգ Ն.Վվեդենսկու մոտ: Այնուհետև մեկնել է Վելիկիե Լուկի` գիմնազիայում մաթեմատիկա դասավանդելու, որից հետո տեղափոխվել է Թիֆլիս, ուր Ներսիսյան դպրոցում դասավանդել է մաթեմատիկա, իսկ Գայանյան և Հովնանյան դպրոցներում աստղաբաշխություն` միաժամանակ աշխատելով Պոլիտեխնիկական ինստիտուտի կենսաբանության ֆակուլտետում: 1919թ. տեղափոխվել է Երևան, աշխատել արական գիմնազիայում` որպես ուսմասվար, միաժամանակ կենսաբանության և մաթեմատիկայի դասախոս: Սակայն քաղաքական գործունեության պատճառով բանտարկվել է և արտաքսվել Հայաստանից: 1921թ. Հայաստանի նորաստեղծ Ժողկոմխորհում նշանակվել է սոցիալիստական դաստիարակության գլխավոր վարչության պետ, իսկ հետագայում` Լուսժողկոմի տեղակալ: Նրա ակտիվ մասնակցությամբ 1921թ. Հայաստանում հիմնադրվել է պիոներական կազմակերպությունը (Պատկոմ, 1923թ.): Նույն թվականին հրավիրվել է Երևանի նորաստեղծ համալսարան` դասախոսելու: 1933թ. նշանակվել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր: 1932թ-ից գործընկերների և ուսանողների հետ պարբերաբար զբաղվել է գիտական աշխատանքով, հետազոտել է բուսական և կենդանական աշխարհում միանման ֆունկցիա ունեցող հորմոնների առկայությունը: Նրան հաջողվեց ցորենից, գարուց, բրնձից և կարտոֆիլից ստանալ ինսուլինանման նյութեր, որոնց ազդեցությունը ուսումնասիրվում էր կենդանիների (հավերի ձվատվության) և բույսերի (խաղողի մեջ շաքարի տոկոսի փոփոխման) վրա: 1934թ. ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ինստիտուտում նրա հետազոտությունների արդյունքներն արժանացել են հավանության: Տասներեք տարի ղեկավարել է Երևանի պետական համալսարանի ֆիզիոլոգիայի ամբիոնը, որը 1973թ-ից կրում է նրա անունը: Մահացել է Երևանում, թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում: