Zark Foundation

Հովսեփ Փուշման

Հովսեփ Փուշման

Գեղանկարիչ

9 մայիս, 1877 - 13 փետրվար, 1966

Ծնվել է Տիգրանակերտում: Փուշմանյաններն ապրել են Դիարբեքիրում: Հայկական կոտորածների ժամանակ խույս տալով յաթաղանից` ընտանիքով ապաստան են գտել ԱՄՆ-ում։ Փուշմանների ընտանիքը մասնագիտացած էր հայկական գեղագեղ գորգերի վաճառքով, ինչը մանուկ հասակից ապագա նկարչի ընկալումների աշխարհի վրա իր ազդեցությունն է թողել։ Նկարիչը կրթությունը ստացել է Ստամբուլի Գեղեցիկ արվեստների կայսերական դպրոցում: Ամերիկայում հայտնվելուց հետո, Չիկագոյում ամբողջությամբ տրվել է չինական մշակույթի ուսումնասիրմանը, այդ ասպարեզում հասնելով որոշակի հաջողությունների։ 1905թ. ուղևորվել է Չինաստան, որտեղ խորասուզվել է արևելյան գեղանկարչության և փիլիսոփայության ուսումնասիրության մեջ։ Ուսումը շարունակել է Փարիզի Ժյուլյենի ակադեմիայում։ 1914 և 1921 թվականներին Փարիզի Salon des Artistes Français-ի կազմակերպած ցուցահանդեսներում ստացել է երկու մեդալ։ 1928թ. հեռակա ընտրվել է Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ, ակտիվորեն մասնակցել «Անի» հայ արվեստագետների ընկերակցության ստեղծմանը: 1920թ. Նյու Յորքում հիմնադրել է Քարնեգի Հոլ ստուդիան: 1940 և 1950-ական թվականներին նկարչի և the New York Graphic Society կազմակերպության միջև դատական գործընթաց է սկսվել։ Վերջինս առանց արվեստագետի թույլտվության վերատպագրել էր նրա գործերից։ Դատավարությունն ավարտվել է Փուշմանի հաղթանակով։ Արվեստի, գեղանկարչության աշխարհում հայտնի է եղել իր զննին, որոշակի մտորումների մղող նատյուրմորտներով, որոնց հորինվածքների համար հիմք են ծառայել հայկական մագաղաթե ձեռագրերը, թալիսմանները, խնկամանները, հնագույն զարդերը, կանացի նուրբ, զգայական և զգացմունքային դիմանկարներով, որոնցում հերոսուհիները հանդերձավորված են արտասովոր, գունագեղ զգեստներով։ Նրա արվեստի բնութագրական հատկանիշը արևելքի պաշտպամունքն է, որ արտահայտվում է որոշակի խորհրդանիշների միջոցով։ Հոգևոր նկարագիր ունեցող այս աշխատանքներին ուղեկցում են գրառումներ, որոնք դյուրացնում են դիտողի գործը սիմվոլները վերծանելու հարցում։ Գործերից են` «Հայաստանի աղջիկը», «Խաղաղության պատգամները», «Անպարտելի Չինաստանը», «Անցյալի ստվերը», «Մեծարանք Օմար Խայամին», «Վաղնջական սիրահարություն», «Հավիտենական լռություն», «Կյանքի գիրքը», «Քուրդիստան», «Մահամերձ վարդի խոստովանությունը», «Զարթում» և այլն: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Փարիզում, Նյու Յորքում, Բոստոնում, Չիկագոյում։ Աշխատանքները գտնվում են հանրային և մասնավոր հավաքածուներում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Դետրոյթի արվեստի ինստիտուտում, Հյուսթոնի գեղարվեստի թանգարանում, Նյու Յորքի մետրոպոլիտեն արվեստի թանգարանում, Մինիապոլիսի, Նյու Ջերսիի, Բոստոնի արվեստի թանգարաններում, Ամերիկյան արվեստի նոր Բրիտանական թանգարանում, Թուլսայի, Օկլահոմայի արվետի կենտրոններում, Սիեթլի (Վաշինգթոն) արվեստի թանգարանում: Մահացել է Նյու Յորքում: