Zark Foundation

Աշոտ Ղազարյան

Աշոտ Ղազարյան

Դերասան

Ծնվել է 1949թ. մայիսի 15-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Ե.Չարենցի անվան միջնակարգ դպրոցը: 1969-73թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Վարդան Աճեմյանիարվեստանոցում: 1967-76թթ աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական և Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոններում` որպես դերասան: 1976թ. աշխատել է Հայաստանի պետական էստրադայի «Ուրախ ժամ» համույթում՝ որպես մենակատար, «Ուրարտու» համույթում` որպես կոնֆերանսյե: 1977-78թթ երգել է «Ուրարտու» համույթում: 1979թ. աշխատել է «Հայհամերգ» միավորումում` որպես բեմադրող ռեժիսոր: Եղել է «Միայն ծիծաղ» խմբի և «Նաիրի» համույթի գեղարվեստական ղեկավարը: Նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի և հայկական հեռուստատեսության մի շարք գեղարվեստական ֆիլմերում և հաղորդումներում: Վաղ տարիքից աշխատել է Հայաստանի ազգային հեռուստատեսությունում, որի տարեմուտի գրեթե բոլոր երեկոներն անցել են նրա մասնակցությամբ: 1995-2005թթ դասավանդել է Երևանի ջագային-էստրադային քոլեջում: 2006թ. ստեղծել է հումորի, ծիծաղի և խոսքի դպրոց-ստուդիա: Հանդես է եկել Վ.Սահակյանի «Բարև, ես մնում եմ», «Մեր օրերի երգը», Լ.Մովսիսյանի «Տաշ Նազար», Ա.Քալանթարյանի «Ծիծաղի թևով» ներկայացումներում և շոու ծրագրերում, 2006թ-ից վարել է «Ծիծաղամարտ» հեղինակային հեռուստահաղորդումը: Նկարահանվել է «Քույրիկը Լոս Աևջելեսից» (1994թ.), «Գողը» (1995թ.), «Մեր բակը» (1996թ.), «Մեր բակը 2» (1997թ.), «Մեր բակը 3» (2005թ.) և այլ ֆիլմերում: Թողարկել է երգերի 1 ձայներիզ և անեկդոտների 12 տեսաերիզ: Արժանացել է Ոսկե (1969թ., 1972թ.), «Մովսես Խորենացի» (2001թ.), «Երևանի պատվավոր քաղաքացի» (2006թ.), «Գարեգին Նժդեհ» և «Ֆրիտյոֆ Նանսեն» մեդալների, Սայաթ-Նովայի անվան երաժշտական մրցույթի 1-ին (2001թ.), «Տասնամյակի լավագույն հումորիստ» (2006թ., 2007թ.) մրցանակների: 2005թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2014թ.` ժողովրդական արտիստի կոչման: